Կառավարությունն ընդլայնել է սոցաջակցության 7-րդ միջոցառումների շրջանակը՝ շահառու 3 800 հղի կանանց թիվը կարող է հասնել 8 000-ի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Փոփոխությունների համաձայն աջակցություն կստանան այն հղի կանայք, ում ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից, այլ ընդհանրապես չեն աշխատում: Նրանց կտրվի միանվագ 100 հազար դրամ։
Հիշեցնենք,որ ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է:
Զարուհի Բաթոյանը նաեւ հայտնեց, որ 4-րդ ծրագրի շրջանակներում մինչեւ 14 տարեկան 964 երեխա արդեն ստացել են միանվագ գումարային աջակցությունը: Նախարարը հիշեցրեց, որ 4-րդ, 6-րդ եւ 7-րդ միջոցառումների ծրագրից օգտվելու համար դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով, 11 հազար 444 անձի փոխանցել են 929 միլիոն դրամի գումարային աջակցություն: Նախարարը հիշեցրեց՝ 6-րդ ծրագրում ընդգրկված են այն շահառուները, որոնք մարտի 13-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ազատվել էին աշխատանքից եւ նոր աշխատանք չեն գտել: Գումարը կարող են ստանալ չորս բանկերից: Թե որ բանկից՝ կարող են ճշտել ssa.am կայքում տվյալները մուտքագրելով:
Արմինե Գևորգյան