Բավ է պառակտվել
26-06-2015 12:14

Բաղրամյան պողոտայում սադրիչ կանայք էին հայտնվել

Այսօր Բաղրամյան պողոտայում, որտեղ շարունակվում է ցուցարարների խաղաղ, երգուպարով ուղեկցվող հավաքը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, երկու կանայք էին հայտնվել` մեկը սևահեր էր, մյուսը` շիկահեր: «Պայքարեք, բայց ոչ թե սենց կլոունություն արեք»,- բղավում էր սևահեր կինը` դիմելով ցույցի մասնակիցներին: «Հանգստացեք, հանգստացեք տիկին»,- նրանց մոտեցավ ակտիվիստներից մեկը ու ընկերների օգնությամբ փորձեց հասկանալ` ինչ է կատարվում, ինչն է անհանգստացրել կանանց: Բայց կանայք տևական բղավելով դժգոհում էին, որ «թասիբով» չեն պայքարում ցուցարարները: Սևահեր կինը ակցիայի մասնակից երիտասարդներից մեկի հետ խոսելիս դժգոհեց. «Սենց չի լինի չէ՞, սա ինչ-որ ժամկետ պետք ա ունենա չէ՞»: Հավաքի մասնակիցներից մի քանիսը հորդորեցին տղաներին «կանտակտի մեջ չմտնել» նրանց հետ, «թողեք թող էթան»: Ու երիտասարդը մասնակիցների սուլոցների ներքո ուղեկցեց կանանց պողոտայով դեպի ներքև: Ավելի ուշ հավաքի մասնակից երիտասարդներից մեկը ներկայացրեց, որ կանայք կոչ էին անում ավելի արմատական պայքար որդեգրել, քանի որ խաղաղ հավաքը արդյունք չի տա: «Մենք, որ էդ լսեցինք, ասեցինք` կներեք, դուք ստեղ անելիք չունեք: Էդ կինն էլ ասեց` իմացեք կրվելու եք: Դե մենք էլ ասեցինք, որ դուք ստեղ գործ չունեք, մենք մեր խաղաղ հավաքը շարունակելու ենք», -ասաց ակտիվիստը` նկատելով, որ կանայք բռնության կոչեր էին անում: