Բավ է պառակտվել
16-09-2020 15:09

Խաղողագործները ամսի 20-ից հետո դուխով կպահանջեն  կառավարության հրաժարականը (Տեսանյութ)

 

Այսօր  լարված իրավիճակ էր ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհին։ Գյուղացիները փակել են ճանապարհը, բողոքում են խաղողի մթերման գնից։

Արարատի մարզի Շահումյան և հարակից գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը, պահանջում են իրենց խնդրին լուծում տալ։

«Անցած տարի 150 դրամով են մթերել, այս տարի մթերում են 100 դրամով։ 100 դրամ ինքնարժեքն է։ Ինչո՞վ պահենք մեր երեխաներին։ Վարչապե՞տն է բերելու, պահելու մեր ընտանիքներին։ Մեր վարչապետը ոչ մի բան չի անում մեր համար։ Ասում են շատ է, չենք կարող մթերել», - ասաց գյուղացիներից մեկը։

Գյուղացիներն ասում են, որ վարկ են վերցրել, մշակել, հիմա կանգնել են փաստի առաջ, քանի որ գործարանները հրաժարվում են մթերել խաղողը։

«Իրենց բիզնեսն է, ոնց ուզում, էշի տեղ են դնում ժողովրդին։ Կառավարությունն այնքան անտեղյակ է հանրապետությունում իրականացվող աշխատանքներից, որ չի կարողանում կազմակերպել այս ամենը։ Իրենք շատ լավ գիտեին, որ այս տարի լավ բերք է սպասվում և դոտացիա տվեցինք գործարաններին, որ աճեցրած բերքն ընդունեն, բայց իրենք նույնիսկ ինֆորմացիա չունեն, թե մարզում քանի գործարան է ընդունելու խաղողը, քանիսը՝ չէ։ Գյուղնախարարությունը ցրել են, ամեն ինչ թողել են մարդկային հարաբերությունների վրա», - ասաց գյուղացիներից մեկը։

Մեկ այլ մասնակից նշեց, որ  Փաշինյանը չի՞ կարող ձեռքը սեղանին խփի, ասի՝ այս գնով պետք ա լինի. գործարանի տերն ո՞վ է, որ խաղողի գին որոշի: Մի հատ հաշվարկեք, տեսեք՝ տակը ինչ է մնում, ես 2-3 տոննա խաղող ունեմ, ոչ մի բան էլ տակը չի մնում»,- ասաց խաղողագործներից մեկը:

Շահումյանցիներից մեկն էլ ասաց՝ վարչապետը ճակատին գրում է «Դուխով», բայց հիմա այդ «դուխը» չեն տեսնում: «Տանջվել եմ, իմ փողն եմ ուզում»,– ասաց նա:

Հարցին, թե խնդրի վերաբերյալ խոսե՞լ են մարզպետի հետ, գյուղացին պատասխանեց. «Մարզպետն ով ա, որ էդ հարցը լուծի։ Մի ամիս առաջ հանդիպել է հարևան գյուղի բնակիչներին, մարդկանց խաբել ա։ Էս մարզում հարց լուծող չկա»։

Խաղողագործների մի մասը նշում է, եթե ՀՀ-ում պահանջարկ չկա, թող իշխանությունները բանակցեն, որ բերքն արտահանվի Վրաստան. այնտեղ մեծ պահանջարկ կա, մյուսն էլ՝ հավելեց՝ գյուղացու խնդիրը չէ, թե ուր կտանեն բերքը, կարևոր է, որ ստանդարտ գին սահմանվի, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա՝ ինչ անել։

«Ռուսաստան արտագնա աշխատանքի չենք գնացել, վարկ ենք վերցրել, խաղող մշակել, ու բնական է, որ բերքը շատ է։ Բայց եթե մենք վարկով ենք մշակել այս բերքը, հենց ինքնարժեքը գրեթե 100 դրամի է հասել, այդ դեպքում վարկը ո՞նց փակենք»,- ասաց խաղողագրծներից մեկը, մյուսն էլ, շարունակելով համագյուղացու միտքը, տեղեկացրեց, որ 1500 մետր այգի ունի, և միայն 80 հազար դրամ միջատների դեմ թույներ գնելու համար է ծախսել, 36 հազար դրամ էլ տվել է այգին «սրսկողին»։

Կամ եթե անգամ խաղողի ինքնարժեքի գումարը ստացան, ապա ինչո՞վ պետք է ապրեն. այս  հարցը ևս գյուղացիներին խիստ մտահոգում է։  Բոլոր գործարանները նրանց նույնն են ասել՝ ձետնո՞ւ է 100 դրամով, բերեք, ո՞չ՝ ուրեմն խաղողը չի մթերվի։

«Չգիտենք՝ ինչ կարգով, բայց թող պետությունն աջակցի գործարաններին, որ իրենք էլ կարողանան մթերել։ Չնայած, այդ գործարաններին երկու տարով անտոկոս վարկ են տրամադրել. դա նշանակում է, որ յուրաքանչյուր գործարան կարող է 150 դրամով 20 հազար տոննա խաղող մթերել»,- շեշեց խաղողագործներից մեկը։

Արտաշատի ոստիկանության բաժնի պետը գյուղացիներին կոչ արեց ազատել ճանապարհը՝ վստահեցնելով, որ ամսի 20-ից հետո հարցը կլուծվի։

Ի վերջո, գյուղացիները եկան համաձայնության, կսպասեն մինչև ամսի 20-ը։

 

 

 

Արմինե Գևորգյան