Բավ է պառակտվել
26-08-2019 12:58

“Մալաթիա Մոլի” հրդեհի հետևանքները․ոչնչացել է 27հազ․քմ տարածքով ապրանք (տեսանյութ, լուսանկարներ)

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկություններ է տրամադրել շաբաթ օրը “Մալաթիա Մոլ՛”-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքների մասին։

Տեղեկացվել է, որ հրդեհը բռնկվել է “Վեգա-Ուորլդ” ՍՊԸ զբաղեցրած տարածքում (կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, տեքստիլի և տան համար ապրանքների վաճառք)։

 

Հրդեհի հետևանքով այրվել են նկուղային հարկում գտնվող փայտամշակման հաստոցներ և լամինատ (շուրջ 8հազ․քմ տարածք), լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք 1-ին հարկում (շուրջ 11հազ․քմ), կահույք՝ 2-րդ հարկում (շուրջ 5հազ․քմ) և 5-րդ հարկում (շուրջ 6հազ․քմ)։

“Մալաթյա Մոլ”-ում հրդեհի մասին ահանզանգը 911 ծառայություն ստացվել է շաբաթ ժամը 15։47-ին։ Հրդեհի վայրում աշխատել է ընդհանուր առմամբ 434 հրշեջ-փրկարար (19 մարտական հաշվարկ), երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խմբերը, հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի երկու ԿամԱԶ ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է կիրակի ժամը 5։34-ին, վերջնականապես մարվել է ժամը 13։53-ին։

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով հոսպիտալացվել է 10 տուժած, բժշկական օգնություն ստանալուց հետո բոլորը դուրս են գրվել։

2016թ․ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացված “Մալաթիա մոլ” ԱԿ-ում տեղակայված են կենցաղային տեխնիկայի, խաղալիքների, հագուստի և կոշիկի խանութներ, կահույքի ցեխեր։ Առևտրի կենտրոնի սեփականատերը նախկին պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանն է, ում պատկանում է նաև Yerevan City սուպերմարքեթների ցանցը և այլ խոշոր օբյեկտներ տարբեր ոլորտներում (դեղագործություն, հանրային սնունդ, տեքստիլ արտադրություն և այլն)։