Բավ է պառակտվել
16-08-2022 11:58

Երևանի մետրոպոլիտենում ռումբի մասին ահազանգ է ստացվել, սակրավորներն ու կինոլոգները ստուգում են անցկացնում

ԱԻՆ սակրավորներն ու կինոլոգները ստուգում են Երևանի մետրոպոլիտենում ռումբի մասին ահազանգը։

«Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված»,- գրել է ֆեյսբուքում մետրոպոլիտենի մամլո քարտուղար Տաթև Խաչատրյանը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Խաչատրյանի խոսքով՝ այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

Նույն իրավիճակն էր ստեղծվել անցած կիրակի, երբ ՀՀ ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, խորհրդարանի շենքում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության կինոլոգների և սակրավորների և ոստիկանության ստուգումների արդյունքում նշված օբյեկտներում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ ԱԱԾ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին գիտակցաբար սուտ տեղեկություններ տարածելը):