Բավ է պառակտվել
04-12-2020 17:46

Ղարաբաղի կորուստը և լեռնային զբոսաշրջությունը Հայաստանում․ որ եթրուղիները կդառնան վտանգավոր կամ անհնար

Ղարաբաղի մեծ մասի կորուստն ու սահմանների փոփոխությունը լուրջ վնաս են հասցնում զբոսաշրջության ոլորտին։ Սա վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին, այլև Հայաստանին։
Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտնի հայտարարությունից հետո հայաստանյան տուրօպերատորների կողմից նախկինում առաջարկվող մի շարք հանրաճանաչ ուղղություններ, հատկապես՝ լեռնային արշավների համար կարող են դառնալ գրեթե անհնար կամ ծայրաստիճան վտանգավոր։ Թեպետ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական սահմանները կարծես թե դեռ ձևավորման փուլում են, բայց զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներն արդեն ահազանգում են։
«Արմլենդ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանն ասում է՝ եթե հին սովետական քարտեզն է լինելու, ապա ամբողջ Սյունիքի բարձրավանդակը, Գեղարքունիքի մարզի Արևելյան Սևանի լեռներն ու Վարդենիսի լեռների մի մասը դառնում են սահմանամերձ գոտի, ինչպես որ Զանգեզուրում Նախիջևանի սահմաններն են։ Սրանք պարզապես աշխարհագրական անվանումներ չեն, թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի արշավականների համար սրանք պահանջված երթուղիներ էին։
«Սյունիքի բարձրավանդակն աննկարագրելի գեղեցկություն ունի, Չիլիի լեռներ է հիշեցնում՝ գունավոր քարերով։ Շատ պահանջված էր Ուղտասարը ժայռապատկերների համար, նաև բազմաթիվ գեղեցիկ լճեր կան, Ծղուկ լեռն էին բարձրանում, Թրասարը, Մեծ Իշխանասարը»,- ասում է Մարտիրոսյանը։
Նա նշում է, որ ավելի վաղ 2-3 օր տևողությամբ լեռնային երթուղիներ էին կազմված արշավականների համար, որի ընթացքում անցնում էին Սյունյաց բարձրավանդակով, որոնք և առաջինն են հայտնվում հարվածի տակ։ Մարտիրոսյանն արդեն իր անհանգստությունը հայտնել է և՛ Զբոսաշրջության կոմիտեի նախագահին, և՛ ԱԺ պատգամավորներից մեկին՝ խնդրելով միջնորդել, աշխատել ՊՆ-ի հետ, որպեսզի սահմանները գծվելիս գոնե 10-15 կմ բուֆերային գոտի պահպանվի։ Այդպես անվտանգություն կապահովվի ոչ միայն զբոսաշրջիկների, այլև հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Մտահոգությունը կիսել են, բայց ոչինչ խոստանալ չեն կարողացել, ցավով ասում է Մարտիրոսյանը։
Նա ընդգծում է, որ Արցախի մեծ մասի կորստով զբոսաշրջային ներուժի մեժ կորուստ է լինում , ինչն առանձին ու շատ մեծ թեմա է։, քանի որ վերջին տարիներին վերջին տարիներին արցախյան լեռները միշտ ներառված էին լինում արշավականների երթուղիներում։

«Մարդիկ, որ քարտեզները չգիտեն, չեն հասկանում, թե հող հանձնելն ինչ է նշանակում։ Ես մետրերով անցել եմ բոլոր այդ տարածքները, գիտեմ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ թե՛ անվտանգության, թե՛ տուրիզմի, թե՛ տնտեսության առումով, դրա համար էլ Քարվաճառը ստրատեգիական դեր ունի»,- ցավով նշում է Արտյոմ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, վերջին անգամ արշավականների մեծ խմբով Արցախում էին սեպտեմբերի 20-23-ը, բարձրացել էին նաև Քիրսը՝ Արցախի խորհրդանիշ լեռը, որը նույնպես Ադրբեջանին մնաց։ Թվարկելով այն հայտնի լեռներն ու հուշարձանները, որոնք թշնամուն մնացին, Մարտիրոսյանը նշում է, որ ընթացիկ տարին անհաջող էր բոլոր առումներով, կորոնավիրուսի պատճառով մի շարք արշավային ամրագրումներ չեղարկվեցին կամ սառեցվեցին եկող տարվա համար, դրանք հիմնականում հենց Սյունիքի բարձրավանդակն էին ներառում։

«Արդեն պետք է երթուղիները փոխվեն։ Անգամ դրանից հետո չգիտեմ՝ կուզե՞ն գալ Հայաստան, որովհետև վախ կլինի մոտները։ Մեր երկրին 2-3 տարի պետք է վերականգնելու համար այն, ինչ ուներ գոնե 2018 թվականին»,- ասում է Արտյոմը։ Նա դեռ հույսը չի կորցնում, որ սահմանները սովետական քարտեզով չեն գծվելու։

«Թոնդրակ» զբոսաշրջային ընկերության տնօրեն Գոռ Ղազարյանն իր հերթին թվարկում է այն հայտնի լեռնագագաթները, որոնք Արցախում թշնամուն են անցնում՝ Հայաձորը, Մեծ Քիրսը, Հարավային Ծարասարը (3403), Դիզափայտը, որի գագաթին է նշանավոր Կատարո վանքը, Ագռավաքարը (2469), Ծռասարը, Զոլասարը, Կուսանաց լեռը, Թոփախաչ լեռը և բազմաթիվ այլ լեռներ ու լեռնագագաթներ։

«Փոխվում է Արցախի աշխարհագրական նկարագիրը։ Նախկինում ամենաբարձր գագաթը Գոմշասարն էր, որն Արցախյան ազատամարտից հետո ստացավ Արիություն անունը։ Չնայած նրան, որ լեռը արգելված էր բարձրանալ մինչ այս, քանի որ անմիջապես հակամարտող կողմերի շփման գոտում էր, սակայն բուն լեռան գագաթը մեր զորքերի հսկողության տակ էր։ Նոր սահմանագծով այս հատվածն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանին»,- նշում է Ղազարյանը։

Գոռը կարծում է, որ դիվանագիտությունն այստեղ լուրջ անելիքներ ունի։

«Ուսումնասիրողներից ոմանք տարված են կեղծ լավատեսությամբ․ կարծում են, որ Ղարաբաղյան հարցը կարելի է համարել լուծված, որն էր իր հերթին կարող է դրական ազդել լեռնագնացության վրա՝ Արցախի կարգավիճակի հարցը վերջնական կլուծվի, և, ըստ պայմանավորվածության, կբացվեն ճանապարհները, միգուցե այլևս կարիք չի լինի լեռների գագաթներում մարտական հերթապահություն իրականացնելու։ Ըստ այդ պատկերացումների՝ սահմանագծով ձգվող լեռները բաց կլինեն բոլոր կողմերից լեռնագնացների համար։ Այդ ժամանակ գուցե հնարավոր լինի բարձրանալ նաև Զանգեզուրի լեռները, որոնք մինչև վերջին պատերազմը տաբու էին մեզ համար։ Սակայն, իմ կարծիքով, սա պարզապես կարճատես լավատեսություն է»,- ասում է Ղազարյանը։

Գոռը Ղազարյանը սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Որպես ապագա պատմաբան կարծում է, որ այստեղ հարցն ավելի խորն է, քան զուտ լեռնային արշավների ուղիները։ Նա ցույց է տալիս 2007 թվականին Ադրբեջանի կառավարության պատվերով անգլերեն լույս տեսած պատկերազարդ մի գիրք՝ «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» և բացատրում՝ ըստ ադրբեջանցի ակադեմիկոսների` «Արևմտյան Ադրբեջան»-ի քարտեզը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ներկայիս քարտեզին։

«Գրքում կարող եք գտնել Հայաստանում ձեզ հայտնի բոլոր հուշարձանները՝ Սաղմոսավանք, Գառնի, Գեղարդ, Հաղարծին, Ամբերդ․ և այլն, որոնք ներկայացվում են իբրև ադրբեջանական ժառանգություն։ Երբ Ադրբեջանում պետական մակարդակով գործում է նման կեղծարարությունը և զեղծարարությունը, ապա ինչպե՞ս կարող է խոսք լինել բաց սահմանների կամ սահմաններ և ազգություն չճանաչող լեռների մասին։ Վերոնշյալ բոլոր տարածքներում լեռնային տուրիզմը կարող է զարգանալ միայն մի դեպքում, երբ դրանք ամբողջությամբ գտնվեն հայոց բանակի վերահսկողության տակ»,- ասում է Գոռ Ղազարյանը։

Նա համոզված է, որ այս պատերազմը սկսվել է վաղուց և դեռ հեռու է ավարտից։ «Այնպես որ, կհանդիպենք լեռներում»,- զրույցի վերջում հրաժեշտ է տալիս Գոռ Ղազարյանը

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Նոյեմբերի 10-ից ուժի մեջ մտած հայտարարության համաձայն, մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը փոխանակվում են գերիներով, շփման գծի և Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահները։ Նախատեսվում է նաև միջանցքի բացում Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: