Բավ է պառակտվել
18-12-2020 13:22

Կորցնելով Սյունիքը՝ կկորցնենք նաև Հայաստանը․ Գորիսի փոխքաղաքապետ

Հայաստանի Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանին դիրքերի հանձնումը վտանգում է այս տարածաշրջանը: Իսկ Սյունիքը երկրի ողնաշարն է: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, ով միացել է սյունեցիների բողոքի ակցիային:

Ավելի վաղ սյունեցիները փակել էին Գորիս-Երևան մայրուղին՝ երկրի բարձրագույն ղեկավարությունից պահանջելով լուծել սահմանների խնդիրը և ապահովել իրենց անվտանգությունը:

«Մենք կանգնած էինք մեր դիրքերում ՝ ստեղծելով որոշակի բուֆերային գոտի: Սյունիքի համայնքների բոլոր ղեկավարներն այնտեղ էին: Այս չարաբաստիկ հայտարարությունը (եռակողմ հայտարարություն Ղարաբաղում հրադադարի մասին - խմբ.) և մեր նահանջը դիրքերից ամբողջովին մերկացնում է Սյունիքը։ Մենք անվտանգության լուրջ խնդիր ունենք: Դեպի հարավ տանող ճանապարհի շատ մեծ հատվածը մնում է թշնամու կողմից վերահսկվող տարածքում: Մենք ուզում ենք հասկանալ՝ կա՞ արդյոք կառավարությունում մեկը, ով կարող է պատասխանատվություն ստանձնել այս գործընթացի համար», - ասաց Հովսեփյանը:

Նա կարծում է, որ Կապանի և այլ ուղղություններով բարձունքներից հեռացումը հակասում է եռակողմ հայտարարությանը: Փաստաթղթում նշվում է, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ։

«Կորցնելով Սյունիքը, մենք, ի վերջո, կկորցնենք նաև Հայաստանը: Եվ ճանապարհները փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև հայտնվի համարժեք մարդ, որը կարող է պատասխանել մեր հարցերին և պատասխանատվություն ստանձնել», - շեշտեց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանի գյուղապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ ասել էր, որ Կապանի հատվածում նախկինում զբաղեցվաժ դիրքերից հայկական ուժերի նահանջի արդյունքում 12 գյուղ ու Կապան քաղաք կհայտնվեն թշնամու անմիջական թիրախում: Խոսքը, մասնավորապես, Դավիթ-Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ և Ծավ գյուղերի մասին է։

Դիրքերից հեռացումը տեղի է ունենում Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և գծանշման աշխատանքների շրջանակներում: