Բավ է պառակտվել
16-08-2022 11:53

«Սուրմալու» ԱԿ-ում հրդեհն ամբողջությամբ մարվել է, շարունակվում են միայն որոնողափրկարարական աշխատանքները․ ԱԻ նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին միայն որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ամբողջ գիշեր աշխատել ենք։ Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջությամբ դադարեցվել են, քանի որ հրդեհ գործնականում չկա։ Փլատակների մաքրման ընթացքում պարբերաբար առաջանում են հրդեհի շատ փոքր օջախներ և ծուխ, այդ պատճառով իրականացվում են միայն հովացման և որոնողափրկարարական աշխատանքներ»,– ասել է Փամբուխչյանը։

Նա նշել է, որ փլատակների մաքրման ժամանակ ծանր տեխնիկան սահմանափակ է օգտագործվում։

«Քանի որ փլատակների տակ մարդկանց հայտնաբերելու հավանականությունը պահպանվում է, ծանր տեխնիկան անմիջապես չի կիրառվում, ավելի ճիշտ՝ այն օգտագործվում է միայն այն բանից հետո, երբ փրկարարները համոզվում են որ մաքրված տարածքում մարդ չկա»,- շեշտել է ԱԻ նախարարը, հավելելով, որ որևէ ռեսուրս պակաս չկա։

Նա ակնկալում է, որ անհայտ կորածների ցուցակը կկրճատվի, քանի որ հայտնաբերված 16 զոհվածներից հայտնի է միայն վեցի անունը։ «Աշխատում են դատաբժշկական փորձագետներ, մնացածների ինքնությունը պարզելու համար ներգրավվում են հարազատներն»,- ասել է Փամբուխչյանը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը՝ հետագա բռնկմամբ տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, ժամը 13.23-ին։։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է եռահարկ շենք։

Այս պահին հայտնաբերվել է 16 քաղաքացու, այդ թվում՝ մանկահասակ երեխայի և հղի կնոջ մարմին, 17 մարդ համարվում է անհայտ կորած։

Ըստ ԱԻՆ-ի՝ բժշկական կենտրոններ է դիմել 60 մարդ, որոնցից 12-ը շարունակում են ստանալ ստացիոնար բուժում, մնացածները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Տեղում աշխատում են 171 հրշեջ - փրկարար, 6 հրշեջ մեքենա և 1 միավոր փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, 10 տրակտոր, 16 ինքնաթափ, երկու ջրատար, ինչպես նաև բժիշկներ, փրկարարներ Շիրակի և Կոտայքի մարզերից, Կարմիր Խաչի, ՈՄԱ ՀԿ-ի, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կամավորներ։