Բավ է պառակտվել
15-08-2022 11:58

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհը պրակտիկորեն մարված է․ ԱԻ նախարար

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում բռնկված հրդեհը գրեթե մարված է, ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Երբեմն հրավառության նյութերի փոքր պայթյուններ են լսվում, քանի որ տեղ-տեղ պահեստում կրակի փոքր օջախներ կան, պլաստմասսե նյութերը շատ են, ուստի նորմալ է, որ դրանք մի քանի օր կծխան, մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա news.am-ին։

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

«Օրվա ընթացքում մոտ 350 փրկարար է աշխատել տեղում, հերթափոխ ենք կազմակերպել՝ հրավիրելով Կոտայքի և Շիրակի մարզերի քաղաքային որոնողափրկարարական խմբերի աշխատակիցներին»,- ասել է Փամբուխչյանը՝ հավելելով, որ տեղում աշխատում են բժիշկներ, ովքեր հետևում են փրկարարների առողջական վիճակին։

Կիրակի ժամը 13.23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է եռահարկ շենք։

Երկուշաբթի առավոտյան առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, 61 տուժած տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ։ Նրանց մեծ մասն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, ստացիոնար բուժում է ստանում 21 քաղաքացի։

Փրկարարները շարունակում են անհետ կորած 15 քաղաքացու որոնումները։