Բավ է պառակտվել
13-09-2022 10:45

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտեր են ընթանում․ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտեր են ընթանում, հայտնել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արամ Թորոսյանը։

«Հայկական զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս հակառակորդին և և ամբողջ ծավալով կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրներն»,- ասել է նա։

Թորոսյանը նշել է, որ ժամը 05:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չի փոխվել։

«Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանի, ականանետեր, անօդաչու թռչող սարքեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- ասել է նա։

Պաշտպանական գերատեսչության մամլո քարտուղարը հայտնել է նաև, որ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։

«Ստեղծված իրավիճակի և դրա հետագա զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հավելել է Թորոսյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր. Վերջին տվյալներով՝ հայկական սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիրքային առաջխաղացման գործողություններ են ձեռնարկել, դիրքային մարտերը շարունակվում են, հայկական զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս հակառակորդին։ Հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։