Բավ է պառակտվել
27-03-2019 18:57

Մեղրիի զորամասում խայտառակ միջադեպը պաշտոնական գնահատական է պահանջում․փորձագետ (Տեսանյութ)

Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում կատարված միջադեպի պաշտոնական գնահատականի բացակայությունը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի Զինված ուժերում կարգապահությանը, չորեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է մեդիափորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ մի քանի օր առաջ Մեղրիում մի խումբ զինծառայողներ ապստամբել են և ինքնակամ լքել զորամասը (որոշ ժամանակով)։

Մեկնաբանելով միջադեպը, պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ այդ զինծառայողները փորձել են խախտել կարգապահությունը, “90-ականների” բարքեր ներմուծել, ծառայել արտոնյալ պայմաններում, հագնել հատուկ հագուստ, սնվել մնացածներից առանձին։ Այդ զինվորները փորձել են ներքաշել այլոց՝ հրահրելով նրանց ապստամբել։ Զինծառայողների զորամաս վերադառնալուց հետո որոշում է կայացվել պատժել ինչպես միջադեպում մեղավոր շարքային զինծառայողների, այնպես էլ նման իրավիճակ թույլ տված սպաների։

“Այս միջադեպը խայտառակ իրադարձություն է հայկական բանակի համար։ Եվ մեր բախտը բերել է, որ դրանից չի օգտվել հակառակորդն ու չի գրավել, փաստացի, անպաշտպան մնացած քաղաքն։ Այնուամենայնիվ, պաշտոնական գնահատականի բացակայությունը կարող է հանգեցնել նմանատիպ միջադեպերի կրկնության”,- ասել է Քոչարյանը։

Ինչպես նշել է փորձագետը, միջադեպը բացահայտել է ԶՈւ-ում քրեական բարքերի առկայությունը և խիստ կարգապահության բացակայությունն, ինչը ենթադրում է պատիժ բոլոր մեղավորների համար։

Նրա խոսքերով, իրավիճակը կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը՝ երկրում պացիֆիստական տրամադրությունների ուժեղացման ֆոնին։

“Խնդիրը կարող է լրջանալ, եթե կրթական համակարգում շարունակվի հայրենասիրական դաստիարակության փլուզումը։ Այս ամենի բացասական հետևանքները կտեսնենք 10-15 տարի հետո, և, հնարավոր է, որ այդ ժամանակ ժողովուրդը չցուցաբերի այն միասնությունն ու համախմբումը, որին ականատես եղանք ապրիլյան պատերազմի ժամանակ”,- գուշացրել է Քոչարյանը։

2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական զինված ուժերը հրթիռա-հրետանային միջոցների, զրահամեքենաների և ավիացիայի օգտագործմամբ ակտիվ մարտական գործողություններ են իրականացրել շփման գծի ողջ երկայնքով՝ գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերը և բնակավայրերը։ ԼՂՀ Պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է թշնամու ագրեսիվ գործողություններն, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը կենդանի ուժի և տեխնիկայի լուրջ կորուստներ է կրել։