Բավ է պառակտվել
09-11-2018 12:54

Հայաստանի կառավարությունը մտադիր է ստեղծել “Աշխարհի հայերի քարտեզը” (տեսանյութ)

Հայաստանի կառավարությունը մտադիր է ստեղծել “Աշխարհի հայերի քարտեզը”,`ցանկացած ոլորտում ազգի ներուժը գնահատելու նպատակով, հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Աստանայում կայացած հանդիպման ժամանակ:

“Սա դժվար, բայց կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ամբողջ ներուժը”, - շեշտել է Փաշինյանը:

Նա նշել է, որ Հայաստանի կառավարության ղեկավար ընտրվելուց հետո շատ է ճանապարհորդում և յուրաքանչյուր երկրում հանդիպումներ է անցկացնում հայրենակիցների հետ: «Մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր ներուժով, բայց, ցավոք, դեռ չենք օգտագործում այն», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքերով, հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի հայության մեջ, համազգային գիտակցության մեջ, որի կարևորագույն արդյունքը պետք է լինի ազգային ներուժի օգտագործումը: “Պետք է միասին ամրապնդենք մեր Հայրենիքը, որը պետք է դառնա հայության գոյության թիվ 1 երաշխավորը”, - ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորագույն խնդիր է անվանել ամբողջ ներուժի ներգրավումը Հայաստանի զարգացման մեջ: “Մեր հիմնական բացթողումն այն էր, որ ընդհանուր նպատակները չեն ձևակերպվել, և մեր ժողովրդի տարբեր հատվածները միասին չեն գործել: Մենք պետք է համախմբենք բոլոր ուժերը, որպեսզի հասնենք միասնական ազգային նպատակի: Կարծում եմ, որ տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է. մենք գտանք նոր էներգիա, նոր ոգեշնչում Հայաստանն այն երկիրը դարձնելու համար, որը կարող է իրեն պաշտպանել, զարգանալ, դառնալ գրավիչ՝ ներդրումների և այստեղ ապրելու համար”, - ընդգծել է Փաշինյանը:

Հանդիպմանը մասնակցել են հայեր ոչ միայն Աստանայից, այլև հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրերից։

Ներկա է եղել նաև Ուզբեկստանի հայերի պատվիրակությունը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Աստանայում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների (ՀԱՊԿ) նիստին մասնակցելու համար: