Բավ է պառակտվել
28-07-2022 12:45

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց կրթության զարգացման ծրագրին․ ակադեմիական քաղաք և նոր բուհեր

Կառավարությունն հինգշաբթի կայացած նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրասյանը հայտնեց, որ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին։

«Ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց։ Կրթության զարգացման տեսլականն այն է, որ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդները՝ ընդլայնելով Հայաստանում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները»,- ասաց նա։

Մարտիրոսյանը նշեց, որ ծրագրի վերջնական նպատակն է՝ ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ։

«Համակարգ, որը յուրաքանչյուրին, կյանքի բոլոր փուլերում, հնարավորություն կտա ստանալ իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովել իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, կիրառել իր իրավունքներն ու պարտականությունները», - նշեց նա։

Ծրագրի վերջնանպատակի իրականացման համար, նրա խոսքով՝ սահմանվել են երեք ռազմավարական ուղղություններ․

համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում Հայաստանի ողջ տարածքում,
կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսներ առավել օպտիմալ բախշում,
կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացում և արտահանում։

Նա նշեց, որ նախագիծը քննարկվել է կրթության տարբեր շահակից խմբերի և լայն հանրության հետ։

Նախագծի առավել նշանակալի դրույթներից Մարտիրոսյանն առանձնացրեց.

- մատչելի կրթական հաստատությունների և ծրագրերի ապահովում, ուսումնական հաստատությունների և ծրագրերի կլաստերային բաշխման սկզբունքների ձևավորում, հաստատությունների և ծառայությունների ցանցի զարգացում՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացումը և ազգային անվտանգության առաջնահերթությունները,

-կստեղծվի 5-8 բուհ 100% պետական ​​ֆինանսավորմամբ, ինչպես նաև Ակադեմիական քաղաք,
- դպրոց ընդունող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, իսկ 3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսը,

- բոլոր դպրոցները կունենան ժամանակակից սարքավորումներով, սանիտարահիգիենիկ և անվտանգության չափանիշներին համապատասխանող շենքեր,

- բոլոր դպրոցներում և քոլեջներում կաշխատեն հավաստագրված ուսուցիչներ.

- դպրոցականները կունենան հայոց լեզվի, Հայաստանի պատմության, հայ եւ համաշխարհային գրկանության, հոգեւոր էթիկական արժեքների, առողջ ապրելակերպի, ինչպես նաեւ առնվազն երկու օտար լեզուների գծով բավարար գիտելիքներ,

- հեռավար կրթական ծառայություններ, էլեկտրոնային բաց պաշարներ, առցանց ծրագրեր կներդրվեն կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում գյուղական համայնքների համար,

- փոփոխություններ կկատարվեն բարձրագույն կրթության համակարգում՝ դրա միջազգային մրցունակությունը բարձրացնելու, կներդրվեն լիցենզավորման միասնական միջազգային ստանդարտներ,

Կառավարության կողմից նախագիծն ընդունելուց հետո այն պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։