Բավ է պառակտվել
24-11-2022 11:09

ՀՀ կառավարությունն ընդունեց Արտակարգ իրավիճակների նախարարության լուծարման և ՆԳՆ ստեղծման նախագիծը

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունեց Արտակարգ իրավիճակների նախարարության լուծարման և Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը։

Ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններն են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը։ Նորաստեղծ նախարարությունը կունենա հինգ գործառական ոլորտ՝ հասարակական կարգ, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ​ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը նշեց, որ կառույցի շրջանակներում կլինեն հակակոռուպցիոն վարչություն և ներքին անվտանգության վարչություններ, որոնք կապահովեն ողջ նախարարության գործունեության որակի վերահսկողությունը։

Նա հայտարարեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կլուծարվի և կներառվի ՆԳՆ կազմում, իսկ այն աշխատակիցները, ովքեր ԱԻՆ-ում ծառայության շրջանակներում արտոնություններ են ունեցել՝ քաղաքացիական ծառայության անցնելիս հինգ տարի զինվորական թոշակ կստանան։ Արտակարգ իրավիճակների նախարարության լուծարման գործընթացը կտևի չորս ամիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ոստիկանապետը դառնալու է ՆԳ փոխնախարար և, միաժամանակ, Անվտանգության խորհրդի անդամ։ Նա նաև նշել է, որ Ոստիկանության զորքերը վերակազմավորվելու են Ոստիկանության գվարդիայի՝ ներքին անվտանգությունն ապահովելու ավելի լայն լիազորություններով։

Նա նշեց նաև, որ նախարարության ձևավորման գործընթացին զուգահեռ կսկսվի կամավոր ատեստավորման գործընթաց, որի նպատակն է առնվազն երկու անգամ բարձրացնել ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձերը։