Բավ է պառակտվել
13-04-2019 12:59

«Քարսիթի» օգտագործումը կլինի պարտադիր

Կառավարությունը որոշեց, որ մինչև 7 տարեկան երեխաների տեղափոխման համար պարտադիր կլինի “քարսիթի” օգտագործումը, իսկ 7-12 տարեկանների համար պետք է լինեն կամ պահող համակարգ, կամ ամրագոտի:
“Օրինագիծը միտված է միայն մանկական տրավմատիզմի և մահացության իջեցմանը, և այլ տարբերակ չի կարող լինել: Եթե երեխան ճիշտ է նստած քարսիթում, ապա մինչև 4 տարեկան երեխաների վնասվածքների հնարավորությունը նվազեցվում է 50 տոկոսով, եթե ավտոբազկաթոռը տեղադրված է վարորդի կողքին և 80 տոկոսով, եթե այն հետևի նստատեղին է”,- ասում է ԱՆ Արսեն Թորոսյանը:
Նշենք, որ երբ երկու ամիս առաջ նախագիծը ներկայացվեց հանրությանն, այն միանշանակ չընդունվեց: Ոմանց կարծիքով՝ դա երեխայի անվտանգությունն ապահովող անհրաժեշտ միջոց է, որը պետք էր վաղուց կիրառել, ոմանք էլ քարսիթը պարզապես անիմաստ բեռ են համարում առանց այդ էլ սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդ ընտանիքի համար:
Զրուցակիցներիցս մեկն էլ հումորով նկատեց. “Առաջարկում եմ յուրաքանչյուր երեխայի ծնվելուց հենց ծննդատանը մի քարսիթ նվիրել ճանապարհային ոստիկանության կողմից, շատ հաճելի և օգտակար կլինի”:
Երևանաբնակ Աննա Կոստանյանը ասում է.”Հավատս չի գալիս, որ կան մարդիկ ովքեր քարսիթերը համարում են ճոխություն ու պահանջում են, որ պետությունը տրամադրի: Եթե մարդիկ քիչ ճոխ ծնունդներ, կնունքներ, ատամհատիկներ ու այլ ձևական, ցուցադրական բաներ անեն, կարող են 50.000 դրամով գնել իրենց երեխաների ապահովությունը”:
Քաղաքացի Գայանե Սարուխանյանն էլ նկատում է, որ մահվան գազելների ֆոնին քարսիթները պարտադիր դարձնելը ոչ թե երեխաների անվտանգության մասին են, այլ նոր բիզնես են ցանկանում ծաղկեցնել։
Արդյո՞ք պարտադիր քարսիթների օգտագործումը կարող է շահավետ բիզնեսի առիթ դառնալ՝ հարցնում ենք ԱՆ Արսեն Թորոսյանին, ով հետևյալ համեմատություն է անում: “Ջրի վաճառքն էլ է շատ շահավետ բիզնես, բայց շատ կարևոր է մեր կյանքի ու առողջության համար”:
“Վարորդի ընկեր” ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը ճիշտ է համարում, որ պետությունը որևէ կերպ սուբսիդավորեր, քանի որ լավ որակի քարսիթերն արժեն մոտ 40 հազար դրամ:
“Մի խնդիր կա, որ այս օրենքը հնարավոր չէ վերահսկել: Հայաստանում ավտոմեքենաների հետևի ապակիները թույլատրվում է մգեցնել, հետևաբար ճանապարհային ոստիկանը չի կարող տեսնել՝ արդյո՞ք այդ մեքենայում երեխա կա, թե՝ ոչ, և նա հատուկ անվտանգության միջոցներով ամրակապվա՞ծ է, թե՝ ոչ»,- ընդգծում է “Վարորդի ընկեր” ՀԿ համահիմնադիրը: