Հինգշաբթի օրը հերթական նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը մերժել է Աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածում լրացումներ անելու “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերացնել աշխատողների տարիքային խտրականությունն, այսինքն՝ տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:
“Առաջարկվող կարգավորումն իր բովանդակությամբ չի համապատասխանում օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը։ աշխատանքային պայմանագրի տեսակներին վերաբերող կարգավորումները սահմանում են, որ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով”,-ասել է նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ըստ նրա միայն տարիքին վերաբերող մասով արգելքի առանձին դրույթ սահմանելը ընդունելի չէ, քանի որ այդ պարագայում անհրաժեշտ կլինի օրենսգրքում նման արգելք սահմանել նաև այլ հատկանիշներ պայմանավորված խտրականության համար:
Նշվել է, որ Սահմանադրության 25-րդ հոդվածով խտրականության բացառումն ամրագրված է, այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, աշխատանքային շուկայում մշտապես արձանագրվում են կանխակալ վերաբերմունքի դեպքեր։
Ի պատասխան, Բաթոյանը տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունում քննարկվում է նմանատիպ նախագիծ, որը, հնարավրության սահմաններում, կընդգրկի խտրականության բոլոր տեսակները։