Բավ է պառակտվել
04-11-2022 17:40

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է․ Սուրբ Էջմիածին

Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի կապակցությամբ։

«Ամբողջական զորակցություն ենք բերում Արցախի մեր ժողովրդին՝ իր ինքնորոշման իրավունքի պահանջատիրության մեջ, որն արտահայտված է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի օրեր առաջ կատարած հայտարարությունում, և վերահաստատում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունում ողջունվում է միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը, կարևորելով ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու զոհվածների մարմինների վերադարձը։
Միևնույն ժամանակ հայտարարությունում կոչ է արվում իշխանություններին գործադրել բոլոր ջանքերը՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պաշտպանելու Արցախի ինքնորոշման իրավունքը։
«Հորդորում ենք հայրենաբնակ և աշխարհասփյուռ ողջ հայությանը համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի»,- ասված է հայտարարության մեջ։