Բավ է պառակտվել
31-03-2022 23:50

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

Մարտի 31-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

«Բանաձևը, որ ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ բանաձևը լայն աջակցություն է վայելում, ինչի վկայությունն է բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող երկրների կողմից դրա համահեղինակումը:

«Այս տարի Բանաձևն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ ինչպիսիք են հակամարտության ռիսկերի գնահատման և դրանք թույլ չտալուն ուղղված քայլերի ձեռնարկումը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը, այդ թվում` սոցիալական հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգները, վերահաստատում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համընդհանուր վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասվում է փաստաթղթում:

Բանաձևն առաջարկում է նաև ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպել համաժողով, որը նվիրված կլինի Կոնվենցիայի 75-ամյակին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել սոցիալական հարթակների և դրանք որպես ատելության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը: