Բավ է պառակտվել
28-01-2022 21:43

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Սա ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հերթական այցն էր 2020-ին և 2021-ի նոյեմբերին գերեվարվածներին: Խոսքը քաղաքացիների մասին է, ում գերեվարման փաստը հաստատել է Բաքուն», - պարզաբանել է Ամատունին՝ զերծ մնալով հայ գերիների թվի մասին տեղեկատվություն հրապարակելուց:

Այցի ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են գերիների առողջական վիճակին և պահման պայմաններին։ Գերիները նաև հնարավորություն են ունեցել կապ հաստատել հարազատների հետ, այդ թվում՝ նամակների, հեռախոսազանգերի և տեսահաղորդագրությունների միջոցով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինուժը հարձակվել էր արևելյան սահմանագոտում գտնվող հայկական դիրքերի վրա՝ գերեվարելով մոտ 30 հայ զինծառայողի (ստույգ թիվը հայտնի չէ)։ Դրանցից 25-ին Ադրբեջանն արդեն վերադարձրել է Հայաստան՝ Ռուսաստանի Դաշնության, ԵՄ-ի և Հունգարիայի միջնորդությամբ։

ԿԽՄԿ ամփոփագիր

Նախօրեին ԿԽՄԿ-ի կայքում հրապարակվել էր Արցախում մարդասիրական առաքելության արդյունքների ամփոփ զեկույցը, ըստ որի 2020 թվականին ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով շուրջ 300 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում։ Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 1700 աճյուն։