Բավ է պառակտվել
01-08-2022 13:25

ՀՅԴ ներկայացուցչի մուտքը Հայաստան արգելվել է

Նիդերլանդներում բնակվող ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին արգելել են մուտք գործել Հայաստան։

Աբրահամյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում։

«Երեկ գիշերը ժամանեցի Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայան ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից Սյունիքում կազմակերպված ամառային ճամբարներին մասնակցելու նպատակով: Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո տեղեկացրին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- գրել էր Սյունեն:

Մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ հայկական սփյուռքի ազդեցիկ քաղաքական գործիչ, ՀՅԴ բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի Հայաստան մուտքի արգելքի մասին։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն հետո նրան թույլ չքին տվել անցնել հսկիչ անցակետով և տեղեկացել, որ ՀՀ իշխանությունները, հայտարարել են նրան «պերսոնա նոն գրատա» և որոշում կայացրել արգելել նրա մուտքը Հայաստան։

Մեկնաբանելով այս արգելքի պատճառները՝ Նիկոլ Փաշինյանի գրասենյակից հայտնել են, որ Փափազյանին համարում են «2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը»։