Բավ է պառակտվել
19-10-2020 15:45

Դադարե՛ք անտեսել, ճանաչե՛ք Արցախի անկախությունը.ԱՄՆ դեսապանատան դիմաց բողոքի ակցիա է ընթանում

Բողոքի ակցիա իրականացնող խումբն այսօր ԱՄՆ դեսպանատան առաջ է: Պահանջը նույնն է. կանգնեցնել պատերազմը, պատժել ագրեսոր թշնամուն և ճանաչել Արցախի անկախությունը:
Ակցիայի կազմակերպիչ Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ չեն պատրաստվում նամակ հանձնել դեսպանատանը, այլ պահանջում են հստակ գնահատական Արցախում կատարվող իրադարձություններին։ «Բավական է ջայլամային քաղաքականությամբ գլուխը մտցնել հողի մեջ և անտեսել մի ամբողջ ժողովրդի»,– հայտարարեց Արմինե Մելքոնյանը։
Մեկ այլ մասնակից էլ նշեց, որ մինչև ուրբաթ ժամանակ են տալիս ԱՄՆ-ին` ճանաչելու Արցախի անկախությունը:
«Ժամանակը քիչ է, պետք է արագ արձագանքեն մեզ: Ժամ առ ժամ իրավիճակը սահմանին լարվում է, լսել ենք, որ Թուրքիան ևս 1000 ահաբեկիչների է ուղարկել մեր դեմ տեռոր անելու: Ինչո՞ւ են լռում ԱՄՆ-ը, Եվրոպան»,- ասաց ակցիայի մասնակիցներից Գարիկ Նավասարդյանը:
Ակցիայի մասնկիցներից է նաև ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով դիմելով ԱՄՆ դեսպանատանը, նշեց. «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, մեր այսօրվա այս ցույցի պահանջն է ձեր քաղաքական դեպարտամենտից, լավ կլինի ղեկավարը, իջնի և լսի մեզ ու ասի՝ ինչ է պատրասվում անել ԱՄՆ-ն, դուք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեծ պատասխանատվություն եք կրում հայ ժողովրդի համար այս օրհասական պահին որոշում կայացնելու, որ չկրկնվի 1915 թվականի դեպքերը»:
Միևնույն ժամանակ, Բախշյանն ընդգծեց՝ այն չի կրկնվելու, թույլ չենք տալու, մեր բանակը, մեր պետությունը թույլ չի տալու, բայց դուք չեք կարող կողքից նայել և հեռվից հեռու ինչ-որ խորհուրդներ տալ ու մտահոգություններ հայտնել:
«Հայաստանն այսօր Արցախի հետ միասին կռիվ է տալիս ահաբեկչական Թուրքիայի, Ադրբեջանի և սիրիական ահաբեկիչների դեմ, դուք չեք կարող անտարբեր նայել այս ամենին, դուք իրավունք չունեք ուղղակի: Մենք այստեղ ենք, որ ասենք՝ Ամերիկա՛, խելքդ գլուխդ հավաքիր, այս ահաբեկիչները վաղը մյուս օր քո երկրում են հայտնվելու, ինչպես որ արդեն հայտնվել են եվրոպայում այսօր, ԱՄՆ-ում էլ են լինելու. այդ ահաբեկիչների դեմ պարիսպն այսօր հայ ժողովուրդն է»,- շեշտեց նա:
Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ–ի խաղաղապահ առաքելություններում ծառայություն անցկացրած նախկին զինվորական Արման Նիկոյանն էլ հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերն ու ռազմաքաղական ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի կանխի Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը, որը հասնելու է նաև Եվրոպա, ԱՄՆ և ՆԱՏՕ–ի անդամ այլ երկրենր։ 
«Չի բացառվում, որ Թուրքիայի անձնագրերով ահաբեկիչները ներթափանցեն նաև ՆԱՏՕ–ի բազաներ։ Այսօր վտանգված են նաև ՆԱՏՕ–ի զինծառայողները»,– հայտարարեց նախկին զինծառայողը՝ կոչ անելով ՆԱՏՕ–ի անձնակազմին ուշադրություն դարձնել ահաբեկչական խմբերին։
Հավաքվածները շեշտադրում էին, որ եթե այս ահաբեկչությունն այստեղ չկանխվի, տարածվելու է աշխարհով մեկ: Ցույցի մասնակիցները հայերեն և անգլերեն ելույթներ էին ունենում, կոչեր անում, երգում հայրենասիրական երգեր, պահանջում, որ դեսպանատան ներկայացուցիչը դուրս գա՝ հանդիպելու իրենց և լսելու իրենց պահանջը:
Դեսպանատնից համաձայնեցին, որ հավաքվածներից երեք հոգի հանդիպեն իրենց ներկայացուցչի հետ՝ փոխանցելու բոլորի պահանջը: Դեսպանատնից, սակայն, թույլ չտվեցին, որ լրատվամիջոցները ներկա գտնվեն հանդիպմանը:

Արմինե Գևորգյան