Բավ է պառակտվել
28-02-2017 10:56

ՀՀ վարչապետը սփյուռքահայությանը կոչ է անում մասնակից լինել Հայրենիքի բարեփոխմանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչով դիմել է Սփյուռքի հայությանը և համաշխարհային ճանաչում ունեցող կառավարիչներին, մշակույթի, կրթական և գիտական ոլորտի գործիչներին՝ նրանց հրավիրելով մասնակցություն ունենել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
«Առաջին հերթին խոսքը գնում է կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար: Այս առումով սփյուռքը մեզ համար առավելություն է: Չօգտագործել սփյուռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված: Չտրամադրել սփյուռքում առկա առաջադեմ միտքը մեր գործընկերներին, երիտասարդներին և ուսանողներին, նշանակում է լինել անարդյունավետ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում»,- վարչապետ Կարապետյանի խոսքերն է ցիտում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Կարապետյանն ընդգծել է, որ բոլորը պետք է միավորվեն ուժեղ, ավանդույթներն ու արժեքները պահպանող, բայց միևնույն ժամանակ ժամանակակից և հպարտ Հայաստանի շուրջ՝ անկախ իրենց բնակության վայրից, կուսակցական պատկանելությունից, և սոցիալական դիրքից:
«Վստա ՛հ եղեք, ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք: Մեր երկրի ապագայով մտահոգ, անհանգիստ ու պարզապես սրտի կանչին հետևող յուրաքանչյուր հայ մարդ կարող է օգնել այս գործին»,- ասել է նա:
Կառավարության ղեկավարի խոսքերով Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջության երկու մասերն են, որոնք կապված են պատմությունով, ճակատագրով, Հայրենիքի համար ունեցած անհանգստությամբ:
«Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելու և հզոր ու արդար Հայրենիք ունենալու հրամայականը: Ժամանակն է, որ շրջվենք ու ասենք ինքներս մեզ՝ փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով»,- գրել է Կարապետյանը:
Նա հիշեցրել է, որ անկախության տարիների ընթացքում գրանցվել են ինչպես հաջողություններ, այնպես էլ սխալներ, որոնք պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով:
«Մենք գիտակցել ենք մեր բացթողումները, և հերթական սխալները թույլ տալու իրավունք այլևս չունենք: Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը և այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ լինել խելացի, և խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները: Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի խելացի մարդկային ներուժով»,- նշել է Կարապետյանը: Նա նաև վստահություն է հայտնել, որ սփյուռքի մշակույթը, հայրենակիցների հետ շփումը նոր զարկ կհաղորդի և կոգեշնչի Հայաստանին՝ դառնալով ընդհանուր հաղթանակ:
«Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր»,- գրել է Կարապետյանը:
Նա նաև ընդգծել է, որ սփյուռքի պոտենցյալի կիրառման միջոցով կարելի է փոխառնել այլ ազգերի մշակույթների լավագույն հմտությունները և Հայաստանը ավելի ճանաչելի դարձնել աշխարհին:
Կարապետյանը վստահություն է հայտնել, որ անկախ իրենց բնակության երկրից սփյուռքի հայության ուշադրությունը սևեռված է Հայաստանի վրա: Իսկ հարազատ երկրի բարեկեցությունը հպարտության զգացում է առաջացնում և բարձրացնում է սեփական ինքնագնահատականը:
«Ուրեմն եկեք ամեն ինչ անենք, որպեսզի մեկս մյուսին ուժեղացնենք, միավորվենք ու միասին կառուցենք երկրի ապագան, որպեսզի մեր երեխաները վստահ լինեն, որ Հայաստանը ժամանակ անց չի զիջելու առաջադեմ այն երկրներին, ուր հայերը հաճախ գնում են լավ կյանքի ակնկալիքով: Սիրով սպասում ենք ձեզ»,- իր կոչի մեջ նշել է Կարապետյանը: