Բավ է պառակտվել
13-10-2016 11:05

Վարչապետ. անհրաժեշտ է բացառել միջնորդությունը կրթական հաստատություններում

Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարական տվեց ԿԳ նախարարին, մարզպետերին և Երևանի քաղաքապետին:

Մասնավորապես, կառավարության ղեկավարը հանձնարարեց 7 օրվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:

«Բոլորը շատ լավ հասկանում են` ինչի մասին է խոսքը. մայր և աղջիկ նույն դպրոցում են աշխատում։ Ես չեմ բացառում նման դեպքերը, սակայն պետք է տարբերակել, թե որտեղ է դա օբյեկտիվ, որտեղ` սուբյեկտիվ», - ասաց Կարապետյանը:

Նա նաև հանձնարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, որ, գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցման կապ ապահովվի՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրերի կիրառման մեխանիզմները:

Կարապետյանն ընդգծեց, որ երկրում գործում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» («ԿՏԱԿ») ոչ առևտրային կազմակերպությունը, որը կապեր է ստեղծել բոլոր դրպոցների հետ, և այս պահին այդ կապերը արդյունավետ չեն օգտագործվում:

«Կառավարության ծրագրում մենք հստակ նախատեսել ենք, որ նման հնարավորություն պետք է ունենան բոլոր դպրոցները, հատկապես այն դպրոցները, որտեղ ուսուցիչների կամ կրթական մակարդակի պակաս կա: Կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է, և մենք հետևողական կլինենք այս հարցում», - ասաց Կարապետյանը: