Բավ է պառակտվել
09-05-2015 12:37

ՀՀ վարչապետը շնորհավորել է հայրենակիցներին Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: 
Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու նոր հնարավորություններ ընձեռեց, և դրանում մեծ է նաև հայ ժողովրդի ներդրումը: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում խաղաղության պահպանման համար, և նաև մեր հայրերի ու պապերի շնորհիվ է, որ այսօր աշխարհն ապրում է առանց ֆաշիզմի սպառնալիքի:
Մայիսի 9-ը մեզ համար համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության խորհուրդ ունի. այս օրերին մենք տոնում ենք նաև Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը: Շարունակելով իրենց հերոս նախնիների սխրանքը՝ հայ ժողովրդի քաջարի զավակները 1992 թվականին վերականգնեցին պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք համարվող Շուշին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի հաղթանակների առթիվ, Հայրենական մեծ պատերազմի մեր վետերաններին և Շուշիի ազատագրման մեր մարտիկներին մաղթում քաջառողջություն և երկար տարիների կյանք: Հավերժ փա՛ռք այս հաղթանակների ձեռքբերման ճանապարհին ընկած մեր հերոսներին» , - նշել է վարչապետը իր ուղերձում: