Բավ է պառակտվել
13-10-2021 18:31

5,4 հազար դոլարի հանցագործ սխեմա։ Երևանում հանցագործները տերմինալից գողացել են իրենց իսկ մուտք արած գումարը

Երևանի ոստիկանությունը տերմինալից գողության հանցավոր սխեմա է բացահայտել։

Ոստիկանության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 13.12-ին ոստիկանություն է զանգել սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցի վճարահաշվային տերմինալի դռնակը և գողացել դրամապահոցները:

Գերատեսչությունում նշել են, որ տերմինալներից գողությունը հազվադեպ երևույթ չէ, բայց այս անգամ առանձնահատկություններ կային․ “նախ, սովորաբար նման բաներ լինում են մութ ժամերին, ոչ թե օրը ցերեկով, երկրորդ, խիստ կասկածելի էր գողոնի խոշոր չափը` ավելի քան երկուսուկես միլիոն դրամ”։

Նույն օրը տարածքային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին դեպքից երկու օր անց` հոկտեմբերի 12-ին: Առավոտյան ժամը ինն անց 25-ին հայտնաբերվեց Դավիթաշեն թաղամասի 29-ամյա բնակիչն, իսկ հինգ րոպե անց՝ նրա գործընկերը` Մարգարյան փողոցի 33-ամյա բնակիչը:

Գողություն կատարելու կասկածանքով երկուսն էլ բերման են ենթարկվել, նրանք խոստովանել են արարքը: Նախօրոք պայմանավորվելով` նրանք նախ այդ նույն տերմինալից երկու միլիոն դրամ էին ուղարկել իրենց հաշիվներից մեկին, որը ստացել ու կանխիկացրել էին, ապա կոտրել էին տերմինալն ու հանել իրենց իսկ մուտք արած գումարը և դեռ 600 հազար դրամ էլ ավելի:

Երկու միլիոն 600 հազար դրամ գողոնը հայտնաբերվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են ($1 - 479,18 դրամ)։