Բավ է պառակտվել
20-04-2019 21:42

Հայաստանի նախագահը շնորհավորել է համայն հայությանը Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ

 

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ, տեղեկացրել է նրա մամլո ծառայությունը։

“Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին Հայաստանում գտնվող հյուրերին”,- ասվում է ուղերձում:

Սարգսյանը նշել է, որ այս օրը քրիստոնյա աշխարհն, առավել ևս՝ հայ ժողովուրդը նշում է առանձնակի հադիսավորությամբ և սիրով։

“Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր, քրիստոնեական հավատն արդեն բազում դարեր խորն ու ամուր նստած է հայ հողի, հայ մարդու, մեր ինքնագիտակցության մեջ”,- նշել է նա:

Ըստ նախագահի, իր նշանակությամբ և ընդգրկումով Սուրբ Հարության խսրհուրդ ավելին է, քան եկեղեցական տոնը։ “Այն յուրովի է համախմբում մեզ, ոգևորում և զորացնում բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգևում վաղվա օրվա հանդեպ”,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ Սուրբ Հարության տոնը յուրատեսակ կոչ է՝ լինել առավել միասնական և համախմբված, ավելի հեռատես, հաստատակամ, հանդուրժող, հատկապես, որ այսօր աշխարհը լի է անկայուն և մտահոգիչ իրադարձություններով։

“Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը, մղի նոր ու բարի գործերի՝ հանուն Հայաստանի և մեր ժողովրդի: Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի”,- ասվում է Հայաստանի նախագահի ուղերձում։