Բավ է պառակտվել
20-04-2020 15:45

Հայաստանի նախագահն առաջարկել է Համերաշխության և հիշատակի այգի հիմնել Ծիծեռնակաբերդին կից 103 հա տարածքում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատմել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում “Հայ պարկ” հիմնելու իր գաղափարի մասին:

“Հենց այսօր պետք է մտածենք, թե ինչպես ենք ապրելու կորոնավիրուսից հետո: Հայաստանի դեպքում կարելի է, օրինակ, սկսել ամենապարզից՝ հանրային առողջության ոլորտից: Այսօր ես իմ տան պատշգամբից քաղաքի անգամ հեռավոր թաղամասերն եմ տեսնում, Արարատ լեռն է ավելի պարզ երևում, ինչը նախկինում հնարավոր չէր: Այսինքն, հիմա մեր քաղաքի օդը 2-3 անգամ ավելի մաքուր է, քան կորոնավիրուսից առաջ: Ուրեմն ինչո՞ւ չմտածել սա պահպանելու մասին”,- ասել է նա “Ազատություն” ռադիոկայանի “Կիրակնօրյա վերլուծական” ծրագրի ընթացքում։

Նախագահն ասել է, որ Երևանի այգիները նրա “թոքերն” են։ Որպեսզի երևանցիները կարողանան առողջ ապրել պետք է “հանրային առողջ թոքեր” ունենալ: Այս համատեքստում նա ներկայացրել է Ծիծեռնակաբերդում “Հայ պարկ” հիմնելու իր գաղափարը։

“Շուտով մենք ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հիշեցնելու աշխարհին, որ հայոց ցեղասպանությունը չճանաչելը կամ պատմության դասերը մոռանալը վտանգավոր է ողջ մարդկության համար”,-ասել է նա։

Նախագահը նշել է, որ Եղեռնի հուշարձանից մինչև “Հրազդան” մարզադաշտ 103 հեկտար անմշակ տարածություն է սփռվում։

“Մեր քաղաքը մեծ այգու կարիք ունի։ Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո և կձգվի այդ 103 հեկտարով”,- ասել է նա։

Նախագահն առաջարկել է, որ այգու առաջին հատվածը կազմված լինի մասերից, որոնք կխորհրդանշեն պատմական հայրենիքի շրջաններն, օրինակ՝ Վանը, Էրզրումը։ Երկրորդ շերտը կներկայացնի սփյուռքահայությանն, օրինակ՝ Մարսելի, Նյու Յորքի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի հայ համայնքները։ Երրորդը կներկայացնի Հայաստանի այսօրվա շրջանները, քաղաքներն ու կառույցներն, օրինակ՝ Գյումրի կամ Երևանի պետական համալսարան։ Հայ համայնքների կամ կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են հոգ տանել իրենց տարածքների համար։

“Գեղեցիկ կլինի՝ եթե ծառերի քանակը լինի մոտավորապես 1,5 միլիոն՝ յուրաքանչյուր զոհի համար մեկ ծառ։ Այս այգին կնկարագրի մեր պատմական կորուստները և, միաժամանակ, այսօրվա հայկական աշխարհը, հայկական պետականությունը՝ Հայաստանով և Արցախով”,- ասել է նա։

Նախագահը կարևոր է համարել, որ այգին չդառնա ռեստորանների շարք։ Նա նշել է, որ ժամանակին այս գաղափարը քննարկել է Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկի հետ։

“Կառավարությանը, վարչապետին և քաղաքապետին իմ նամակով առաջարկել եմ, որպեսզի այս հարցը քննարկենք,-ասել է նա, հավելելով, որ նման նախաձեռնություն կարելի է կյանքի կոչել նաև Գյումրիում և Հայաստանի մյուս քաղաքներում։

Նախագահն ընդգծել է, որ եթե կառավարությունն ու քաղաքապետարանը հաստատեն այս գաղափարն, ինքն անձամբ կմասնակցի դրամահավաքին և աշխատանքների կազմակերպմանը։

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։