Բավ է պառակտվել
19-04-2016 17:10

Հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը. Սերժ Սարգսյան

 

Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը. երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ եւ ամենամարտունակ զինվորը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Պարոնա´յք սպաներ, զինվորներ,

Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը: Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ եւ ամենամարտունակ զինվորը:

Տարիներ առաջ ես ասել եմ, որ եթե մենք պարտադրված լինենք պատերազմել, ապա այսօրվա զինվորն ու սպան կռվելու են ոչ պակաս քաջ, քան իրենց հայրերը, իրենց պապերը, իրենց ավագ ընկերները: Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք: Ժամանակները փոխվում են, փոխվում են պատերազմելու միջոցները, բայց բարոյահոգեբանական որակները մնում են նույնը: Մնում են նույնը ու հաղթում են: Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում, եւ փա՛ռք ձեզ, ի դեմս ձեզ՝ մեր բոլոր սպաներին ու զինվորներին, ովքեր կարողացան իրենց ասելիքն ասել: Այդ դաժան օրերին որեւէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը, նվիրումով կռվել է մինչեւ վերջ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչեւ վերջին փամփուշտը եւ լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաեւ հակառակորդի զինվորներին: Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում եւ ոչնչացնում է ուղղաթիռ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի հինգ զրահամեքենա: Դուք լավ եք կատարել եւ լավ եք կատարում ձեր պարտականությունները: Ցավոք սրտի, պատերազմը շատ դաժան բան է: Բոլորը չէ, որ իրենց երկրային կյանքում տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը, իրենց վաստակի պտուղները, նաեւ թե իրենցով ինչպես են հպարտանում: Փա՛ռք մեր բոլոր զինվորներին եւ սպաներին, ովքեր ընկան այս օրերի ընթացքում ու նաեւ փա՛ռք նրանց, ովքեր այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար:

Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը, իսկ Ադրբեջանում իրենց քաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար պատրաստ են մահվան բերան ուղարկել հարյուրավոր, հազարավոր զինվորների: Նրանք իրենց զինվորներին այլ բան են սովորեցնում, նրանք հպարտանում են, երբ իրենց զինվորները սպանված հակառակորդի, այսինքն` մեր զինվորների ու սպաների, ականջներն են կտրում, նրանք դա նորմալ են համարում, երբ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների անդամները, լեզուս չի պտտվում զինվոր ասելու, կտրում են 90 տարեկան սպանված ծեր մարդկանց ականջները: Այդպիսի զինվորը չի կարող նորմալ զինվոր համարվել, այդպիսի դաստիարակությունը լավ տեղ տանել չի կարող: Դա ահաբեկիչներին հատուկ գործելաոճ է, իսկ ահաբեկիչ բառի հիմքում կա նաեւ ահաբեկել բառը, այսինքն` նրանք ուզում են մեզ ահաբեկել, ուզում են մեզ վախեցնել, ինչը, բնական է, նրանց չի հաջողվի: Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ եւ անազատ: Մենք դա չենք կարող անել:

Փա՛ռք ձեզ, Հայրենիքի զինվորներ, փա՛ռք մեր ընկածներին, փա՛ռք մեր զորքին: Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում կատարելու ենք Հայրենիքի զինվորի պարտականությունները, իսկ այդ պարտականությունները սուրբ են: Անփորձանք ծառայություն, թեեւ պատերազմի ժամանակ այս բառերը մի տեսակ լուրջ չեն հնչում: Փա՛ռք ձեր ծնողներին, փա՛ռք այն ընտանիքներին, որտեղ դուք ծնվել ու դաստիարակվել եք, փա՛ռք ձեր ուսուցիչներին: Շնորհակալ եմ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետեւ այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում է ստանում Արիության մեդալով պարգեւատրված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունին: ՀՀ Նախագահը զինծառայողին հանձնել է պետական բարձր պարգեւը, շնորհակալություն հայտնել եւ մաղթել նրան շուտափույթ ապաքինում: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը զինվորական հոսպիտալում այցելել են նաեւ բուժում ստացող մյուս զինծառայողներին: