Բավ է պառակտվել
28-10-2016 07:32

Նախագահ. յուրաքանչյուր սիրիահայ իրավունք ունի գալու Հայաստան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների և պատասխանատու պաշտոնյաների հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը նշել է, որ հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաև Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներից անմիջականորեն տեղեկանալու վերջին զարգացումների և առկա իրավիճակի, այդ իրավիճակում գտնվող հայկական համայնքի ներկայիս կարիքների մասին, մտքեր փոխանակելու նաև Հայաստանում հաստատված և ներգաղթող սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի վերաբերյալ:

«Ցավոք, արդեն տևական ժամանակ է, որ Սիրիան և, հատկապես, Հալեպը դուրս չեն գալիս միջազգային լրահոսից՝ այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների պատճառով: Մեզ համար, նկատի ունեմ հայերիս, Սիրիան, Հալեպը սոսկ ծանոթ անուններ չեն, ինչպես շատ-շատերի համար, այլ երկիր, բնակավայր, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: Եվ հենց այդ պատճառով է, որ մինչ այսօր Հալեպում գործում է մեր գլխավոր հյուպատոսությունը, այն դեպքում, երբ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները վաղուց լքել են Հալեպը»,– նշել է նախագահը։

Ըստ նախագահի, Հայաստանի Միանշանակ կարող եմ ասել, որ մեր մոտեցումը եղել է և այսօր էլ մնում է հետևյալը՝ յուրաքանչյուր սիրիահայ իրավունք ունի Հայաստան գալու, ավելին, եթե նա այնուամենայնիվ լքում է Սիրիան, ցանկալի է, որ գա Հայաստան:

«Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի գոնե նվազագույն պայմաններ ստեղծենք, որ ժամանակի ընթացքում այդ մարդիկ կարողանան ինտեգրվել մեր հասարակությանը և արդեն իրենք կարողանան լուծել իրենց խնդիրները»,- ավելացրել է նախագահը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը և հանդիպման մյուս մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ կիսվել են Սիրիայում շարունակվող պատերազմական իրադարձությունների պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգություններով, սիրիահայ համայնքին միասնական ուժերով սատար կանգնելու առաջարկություններով։

Նրանք նաև շնորհակալություն են հայտնել՝ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հայկական կառույցների կողմից հայրենակիցներին բոլոր հնարավոր միջոցներով տարիներ շարունակ հետևողականորեն ցուցաբերվող սրտացավ ու հոգատար վերաբերմունքի և աջակցության համար: