Բավ է պառակտվել
09-05-2015 10:15

ԼՂՀ նախագահը շնորհավորել է հայրենակիցներին եռակի տոնի կապակցությամ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
70 տարի առաջ մարդկության պատմության մեծագույն չարիքներից մեկի` նացիզմի դեմ տարած փառավոր հաղթանակի կերտման գործում իր արժանի ավանդն է ունեցել նաև արցախահայությունը: Թե՛ մարտի դաշտում և թե՛ թիկունքում մեր հայրենակիցներն աչքի են ընկել իրենց հերոսությամբ ու սխրանքով, տոկունությամբ ու անձնվիրությամբ: Ռազմաճակատ մեկնած տասնյակ հազարավոր արցախցիների կեսը չի վերադարձել: Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ:
Մենք խորապես շնորհակալ ենք մեր քաջ հայրերին ու պապերին` նրանց անցած հերոսական ճանապարհի, մեզ թողած` նրանց հայրենասիրության ու անձնուրացության դասերի համար: Այդ դասերը լավ սերտեցին հետագա սերունդները` Մեծ Հայրենականից տասնամյակներ անց հաղթանակներ տանելով արդեն Արցախյան ազատամարտում: Մայր Հայաստանի և մեր աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների հետ միասին մենք պաշտպանեցինք հայրենի Արցախի ազատությունն ու անկախությունը, հարազատ ժողովրդի խաղաղությունն ու անդորրը, ազատագրեցինք հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին և սկիզբ դրեցինք նոր հաղթանակների:
Այդ պայքարի բովում ծնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը` համայն հայության հպարտությունն ու պարծանքը և մեր անվտանգության հիմնական երաշխավորը: Բանակ, որն այսօր էլ պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները` արժանի հակահարված տալով հակառակորդի ոտնձգություններին և անառիկ պահելով հայրենի երկրի սահմանները:
Մեր ժողովրդի ազատատենչ ոգու և անկոտրում կամքի շնորհիվ անկախության տարիներին մենք արձանագրեցինք մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: Միայն այսպես` համախմբված ու միասնական կարող ենք լուծել մեր առջև ծառացած խնդիրները, կյանքի կոչել տարբեր ծրագրեր և հասնել համազգային նպատակների իրականացմանը:
Թանկագի՛ն հայրենակիցներ, 
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պանծալի Եռատոնի առթիվ և մաղթում խաղաղ, բարեկեցիկ ու հաղթական ճանապարհ մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»,-ասված է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձում: