Բավ է պառակտվել
20-05-2021 10:51

Արմեն Սարգսյանը կոչ է արել ուժային կառույցներին ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հորդորում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, ԶՈւ գլխավոր շտաբին, ԱԱԾ-ին իրենց գործառույթների շրջանակում գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:

«Այս օրերին բոլորիս ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է մեր սահմաններին. ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը և արդեն մի քանի օր ապօրինի գտնվում է մեր երկրի տարածքում: Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը, հատկապե՛ս անվտանգության ապահովման հարցերում»,- ասվում է նախագահի հայտարարությունում։

Նա կարևորել է նաև դիվանագիտական զինանոցի կիրառումն իր ողջ ուժով:

«Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն են: Այդ հարաբերությունները պետք է կառուցել իրատեսական և նպատակային օրակարգի հիման վրա: Պետք է գործարկել թե՛ ավանդական և թե՛ հանրային դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, ներգրավել Սփյուռքը և օգտագործել բոլոր ռեսուրսները»,- նշել է նա։

Սարգսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի գործելակերպն ու արձագանքը պետք է հասկանալի և ընկալելի լինեն միջազգային գործընկերների համար:

«Հասարակությունը պետք է ժամանակին և ճշգրիտ իրազեկված լինի տեղի ունեցող գործընթացների մասին՝ վստահ լինելով, որ ինքը պաշտպանված է, որ պետությունը, անկախ քաղաքական կամ այլ գործոններից, իրականացնում է իր գործառույթները»,- ասել է նա։

Նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակում վերստին հրամայական է համազգային միասնությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք։

«Միայն այդ դեպքում կարող ենք լուծել անվտանգային, տնտեսական, ներքաղաքական և մյուս բոլոր խնդիրները: Պետք է գիտակցել, որ մենք ունենք մի սահման՝ Հայրենիքի սահմանը: Որպես պետություն և ազգ մենք պետք է ունենանք մեկ՝ համապետական և համազգային օրակարգ: Յուրաքանչյուրս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր դերակատարմամբ պետք է գործենք այդ միասնական օրակարգի շրջանակում: Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերը կարող է ներկայացնել ու պաշտպանել միայն ուժեղ, կայուն, միասնական և համախմբված Հայաստանը»,- ամփոփել է Սարգսյանը: