Բավ է պառակտվել
25-02-2020 15:30

«Եկել եմ աջակցելու թուրքին ծնկի բերած մեր հերոսին․․ Շարմազանով

Այսօր Նոր Նորքի դատարանում տեղի կունենա Սերժ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը: Դատարանի շրջակայքում երթևեկությունը կաթվածահար է, Սարգսյանի հարյուրավոր աջակիցներ հավաքվել են դատարանի առջև, այստեղ են ՀՀԿ-ականները՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, նախկին պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Դավիթ Շահնազարյանը, Մարգարիտ Եսայանը, Արտաշես Գեղամյանը, Գալուստ Սահակյանը, Կարեն Ավագյանը, Հակոբ Հակոբյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբիկ Թադևոսյանը, գործարար Արկադի Համբարձումյանը՝ «Դերժավայի Արկադ» և այլք:
«Ես եկել եմ այստեղ աջակցելու իմ նախագահին, Արցախի հերոսին ու թուրքին ծնկի բերած մեր հերոսին, որը հաղթանակած է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա՝ սա Հայաստանի խայտառակությունն է, երբ 2 հաղթանակած նախագահների վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր։


Աջակցության եկած ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ այս գործը շինծու է։
«Չեմ կարող ասել գործի որ մասն է շինծու, որ մասը ոչ, բայց այն մասով, որ Սերժ Սարգսյանը ներգրավել են այս գործի մեջ, գտնում եմ, որ, այո, քաղաքական ենթատեքստ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը դատական նիստից արդարություն է ակնկալում. «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ նման արարք նա իրեն չէր կարող թույլ տալ։ Ես շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին։ Եթե կա թերություն նման մրցույթում, ապա նրանք, ովքեր պատասխանատու են մրցույթի անցկացման համար, նրանք էլ պետք է պատասխան տան», - ասաց Արա Բաբոլյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի հրահանգով է ընկերության փոփոխություն տեղի ունեցել, Բաբլոյանն արձագանքեց.
«Դուք ասացիք՝ ՀՔԾ-ն է ասում, ես էլ Ձեզ կարող եմ ասել, որ ՀՔԾ-ն ասում է, թե Բաբլոյանը հանցագործություն է թույլ տվել՝ Հրայր Թովմասյանի ընտրության հարցում, ինչը բացառապես որևէ հիմք չունի։ Եթե ես վստահ չլինեմ, որ արդարություն գոյություն ունի, ես ձեզ մի օր կհրավիրեմ, կծանոթացնեմ 5 հատորի հետ, կտեսնեք, որ նույնիսկ մի բառ չկա ասելու համար, որ Բաբոլյանը սա սխալ է արել և կարելի է նրան մեղադրել», - ասաց Արա Բաբլոյանը։
Կրկին անդրադառնալով Սերժ Սարգսյանի առաջադրած մեղադրանքին ասաց որ շատ լավ է ճանաչում Սերժ Սարգսյանին, նա չէր կարող միջամտել, ցուցում տալ, որ այս կամ այն ընկերությունը շահի: Արա Բաբլոյանի խոսքով, եթե կա թերություն նման մրցույթում, ապա նրանք, ովքեր պատասխանատու են մրցույթի անցկացման համար, նրանք էլ պետք է պատասխան տան։
Նշենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։
Քրեական գործի համաձայն՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:
Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում։

 

 

Արմինե Գևորգյան