Բավ է պառակտվել
14-10-2021 12:58

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին փոխանակել ռազմագերիներին և ականապատված տարածքների քարտեզները»․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանել ով վերջերս ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Արցախի բնակչի զոհվելու փաստը կոչ է արել կողմերին «վերացնել հումանիտար ոլորտում առկա փոխադարձ գրգռող հանգամանքները»:

Այդպես է պատասխանել Զախարովան հայ լրագրողի հնչեցրած հետևյալ հարցին․ «Ինչպե՞ս է Ռուսաստանը ծրագրում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովող իր խաղաղապահ առաքելության շրջանակներում կոչ անել Ադրբեջանին՝ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:

«Այս ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրների (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) ղեկավարների հայտարարությունների բոլոր դրույթների խստորեն պահպանման կարևորությունը։ Եվ մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ հնարավորինս շուտ վերացնել հումանիտար ոլորտում առկա փոխադարձ գրգռող հանգամանքները, փոխանակել ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները», - ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից հրետակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի քաղաքացիական անձը:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։
Իրենց պատասխանատվության ոլորտում միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները շարունակական կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: