Բավ է պառակտվել
05-12-2019 15:05

Աջ ղեկով մեքենաների հարցը ժամանակավորապես լուծվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշումը, որով թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաները ներկրել Հայաստան, այնուհետև ղեկը փոխել ձախային համակարգով, հետո ՀՀ օրենքով սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ-ում ու շահագործել:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ընդհանրապես արգելել էին աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը ու ստացվել էր այնպես, որ բազմաթիվ քաղաքացիներ բերում էին ու Վրաստանի տարածքում աջակողմյանը փոխում էին ձախակողմյանի:

«Բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային կարգավորումը փոխել, որից հետո հաշվառվի ու թույլատրվի շահագործումը: Պետք է արձանագրենք, որ էդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել ու շահագործելու դեպքում տուգանքների խնդիր կբացվի: Եկեք պայմանավորվենք, որ մենք ընդառաջ ենք գնում, բայց չարաշահումների փորձ, հույս ունենք, չի լինի», - ասաց Փաշինյանը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ պետք է նոր ժամկետ ֆիքսել, որից հետո ընդհանրապես աջակողմյան ղեկով մեքենաները չեն կարող շահագործվել:
«Այս փոփոխությունը ևս պետք է ժամանակավոր դիտարկել ու մտածել՝ անվտանգության առումով որքանով է նպատահարմար թույլ տալ, որ շարունակաբար նման մեքենաներ ներկրվեն Հայաստան, որոնց ղեկերը պետք է փոխվեն»,–ասաց Ավինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց,որ համաձայն է Ավինյանի հետ ․« Մենք, ըստ էության, գեներացնում ենք վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթաների մեծ քանակի պատճառը նրանում է, որ ղեկի տեղափոխությունը արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով», - ասաց Գրիգորյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասելՙ «էս էլ ենք անում ու էլ չենք անում»:

«Այսինքն, հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորը էդքան փող ա աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողում աշխատի: Հիմա մենք որոշումը փաստորեն կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել», - ասաց վարչապետը:

Քննարկումների արդյունքում կառավարությունը որոշեց, որ առայժմ կթույլատրեն այդ մեքենաները ներկրել Հայաստան, փոխել ղեկերն ու շահագործել դրանք: Հետագայում նորից կանդրադառնան խնդրին:

 

Արմինե Գևորգյան