Բավ է պառակտվել
09-12-2019 19:11

Շարունակում ենք պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը. ՀՅԴ երիտասարդներ

 

 

Oրեր առաջ ՀՅԴ շարքերից հեռացվել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության անդամներ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը։ Դաշնակցության Երիտասարդական միությունում բնականոն են համարում իրենց 3 ընկերների արտաքսումը կուսակցությունից, քանի որ նրանք հրապարակային քննադատել են Դաշնակացությանը, ինչն արգելված է կուսակցության կանոնագրով։

«Որոշումը կայացվել է ոչ թե նրա համար, որ իրենք ցույցերին չեն մասնակցել, այլ որ հրապարակային քննադատել են կուսակցությանը, որն արգելված է մեր կանոնագրով։ Հիմա լավն է, թե վատն է կանոնագիրը, դա այլ հարց է, մեզ համար կա այդ մի կանոնագիրը, որին մենք բոլորս ենթակա ենք։ Մեզ համար քննադատության տեղը ժողովն է», - ասում է   Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Վերջինս նշեց,որ   շարունակելու են իրենց թիվ 1 օրակարգի շուրջ զարգացումները․ «Շարունակում ենք պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մեր վերջին գործողությունից հետո ոստիկանության կողմից կիրառվեց անհամաչափ ուժ։ Դրա միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն էր, ով չգնաց հանդիպման երիտասարդների հետ»։ Առաջիկա շաբաթվա ընթացքում դաշնակացական երիտասարդները  կունենան  նմանատիպ ակցիաներ ու    գործողությունների մասին կտեղեկացնեն։ 

Անդրադառնալով ՀՅԴ-ում ներքին ժողովրդավարության բացակայության վերաբերյալ հարցին՝ Արշակ Մեսրոպյանն ասաց, որ ներքին ժողովրդավարությունը կուսակցության մեջ արմատացած է։ 

«Եթե օրինակ բերենք մեր խմբային ժողովները, ցանկացած հարց, որ բերվում է ժողով, բոլորն իրավունք ունեն արտահայտելու իրենց անկեղծ մտահոգությունները։  Բայց, այստեղ մի հատ մեծ բայց կա․ երբ որ ժողովն արդեն կայացնում է որոշում, այդ պահից հետո մենք բոլորս դառնում ենք մի զինվոր այդ նպատակն իրագործելու մեջ, այդ գործն իրականացնելու մեջ։ Դա ներքին ժողովրդավարությունն է մեզ համար։ Այդ որոշումից հետո, երբ որ ցանկացած ոք արդեն ուրիշ ուղղությամբ է գնում, արդեն գոյություն ունի կուսակցության կանոնագիր»,- մանրամասնեց նա։

Կանոնագիրը, ըստ ՀՅԴ երիտկառույցի ղեկավարի, կարգապահական ընթացք է սկսում, և համապատասխան կերպով կուսակցականը ստանում է համապատասխան պատիժը։ Արշակ Պետրոսյանն ասում է,որ  յուրաքանչյուր անձ, երբ որ մտնում է ՀՅԴ –ի  շարքերը, երդում է տալիս, երդում է տալիս հստակ նպատակի՝ ձեռքը դնելով կանոնագրի և կուսակցության ծրագրի վրա։ Դաշնակցականի երդումը սովորական երդում չի, էն երդումներից չի, որ մենք ամեն օր կարող է բազմաթիվ անգամ լսենք մեր առօրյա կյանքում՝ հորս արև կամ մորս արև արտահայտություններով»։

 Քրիստինե  Վարդանյան էլ մի մաս կարդում է երդումից․«Մենք երդվում ենք՝ Դաշնակցական դառնալով՝ հնազանդվել, այդ թվում՝ նաև վերադաս մարմնի որոշումներին։ Դա մեր երդման մի մասն է կանոնագրին և վերադաս մարմնի որոշումներին։ Անձամբ ինձնից 6 տարի է պահանջվել, որ էս մտքի հետ համաձայն լինեմ։ Որ ես ենթարկվեմ իմ վերադաս մարմնի կայացրած որոշմանը։ Առանց դրա անիմաստ է կուսակցության անդամակցելը։ Եվ ես կարծում եմ, որ բոլոր կուսակցություններում է այդպես»,- շարունակեց ՀՅԴ Երիտասարդական  միության ներկայացուցիչը։

Խոսելով  «Պարտիզանական հարվածներ» արտահայտության մասին  Արշակ  Մեսրոպյանն ասաց, որ նույնիսկ եթե այդպիսի արտահայտություն է եղել, ապա դա ուղղված է եղել Հայաստանի սահմաններից դուրս թշնամուն, և որ ՀՅԴ –ն ներքին թշնամիներ չունի։

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ երիտասարդական կառույցները միմյանց նկատմամբ վերահսկողության իրավունք չունեն։ «Երիտասարդական միությունն այս պահին կենտրոնացած է իր թիվ մեկ օրակարգի վրա․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող քաղաքականություն և այդ քաղաքականության պատասխանատուներ»,- նշեց ՀԵՄ ԿՎ անդամը։

Հարցին, թե Ազգային անվտանգության ծառայությունը կամ այլ իրավապահ մարմիններ ստուգումներ անցկացրե՞լ են ՀՅԴ-ում, ՄԵսրոպյանն ու Վարդանյանը պատասխանեցին, որ տեղյակ չեն և խորհուրդ տվեցին ճշտել ՀՅԴ Գերագույն մարմնից։ 

 

 

Արմինե Գևորգյան