Բավ է պառակտվել
03-06-2021 11:28

Հայաստանի դատախազությունը քննում է արցախյան պատերազմում զոհվածների մարմինները նկուղում պահելու աղմկահարույց գործը

Հայաստանում քրեկան գործ է հարուցվել արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ, հայտնել է ՀՀ դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծոց խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ՝ մայիսի 31-ին, հայկական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնվեցին ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող սահմռկեցուցիչ լուսանկարներ: Կասկածներ բարձրաձայնվեցին, որ իշխանությունները երկար ժամանակ թաքցնում էին պատերազմի զոհերի աճյունները արդյունաբերական սառնարաններում ՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար:

Ինչպես գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, Հայաստանի Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը):

«Դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում նյութեր սկսել են նախապատրաստվել դրա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից», - գրել է Աբրահամյանը:

Ըստ նրա, քրեական գործով իրականացված քննչական գործողությունների շրջանակներում զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից վեցը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարան:

Հունիսի 1-ին Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը դատաբժշկական փորձաքննության կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված «դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված» ներողություն է խնդրել զոհվածների բոլոր հարազատներից:

Հայաստանի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ աշխատանքից ազատվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման գործընթացում ընդգրկված 2 աշխատակից, կառույցի տնօրենը խիստ նկատողություն է ստացել: