Բավ է պառակտվել
25-08-2022 12:52

Երևանի դատախազը միջնորդել է դադարեցնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը 16 անձի մահից հետո

Երևանի դատախազը միջնորդել է դադարեցնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը` մինչև սեփականատիրոջ կողմից առևտրի կենտրոնի տարածքում հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը:

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է:

Քրեական գործի շրջանակում Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղարկել ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը դեռևս 2021 թվականին հանձնարարել է ստուգում իրականացնել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում:

Ստուգման արդյունքներով օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտումներ, և արձանագրվել դրանց վերացման ժամկետները: Պարզվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ և ազատ վաճառքով, ինչն արգելված էր։

Նախաքննության ընթացքում քննիչի համապատասխան որոշմամբ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:

Մինչդեռ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի առաջացման պատճառ են հանդիսացել:

Երևանի դատախազը միջնորդել է նաև ստուգումներ իրականացնել Երևանում գործող այլ խոշոր առևտրի կենտրոններում։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2,8 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։ ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, մեկը համարվում է անհետ կորած։ Տուժել է 63 անձ, այդ թվում՝ երեխաներ։ Շաբաթ օրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 3 քաղաքացի։ Օգոստոսի 17-18-ին Հայաստանում և Արցախում սուգ էր հայտարարվել։