Բավ է պառակտվել
04-05-2019 22:55

Մարտի 1-ի գործով բացառիկ, աննախադեպ դատավարություն է խոստանում դատախազը:

Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը: Բայց զեկույցն ակնհայտ հիասթափեցրեց «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ով ասաց. «Չեն փոխվել ոչ միայն անձերը, այլ նաև նրանց գործելաոճը: Տարիներ շարունակ պաշտոններ զբաղեցնող մարդիկ յուրացրել, վատնել են պետական միջոցները: Այսօր այդ մարդիկ խուսափում են պատասխանատվությունից: Դուք պահանջում եք նրանցից վերականգնել վնասը՝ վերակագնում են, ինչից հետո ասում եք՝ շնորհակալություն, գնա տուն»:
Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնն Արթուր Դավթյանը զբաղեցրել է նախորդ խորհրդարանի շնորհիվ՝ 2016-ին:
Հովակիմյանի այս քննադատական ելույթից հետո դատախազին պետաիրավական հարցերի հանձնաժողովում պաշտպանեց ԲՀԿ-ից պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Չեմ կիսում այն կարծիքը, որ այսօր Դատախազությունը մնացել է նույնը, ոչ մի բան չի փոխվել: Ի՞նչ անձանց փոփոխություն եք ուզում, ավելի կոնկրետ ասեք ՝ էդ ո՞ւմ չեք ուզում այստեղ տեսնել կամ ո՞ւմ եք ուզում տեսնել»,-ասաց Պետրոսյանը;
Լրագրողները նույնպես հարցեր ուղղեցին ՀՀ գլխավոր դատախազին փորձելով, մասնավորապես ճշտել, արդյո՞ք Մարտի 1-ի գործով մեղադրանքը կներկայացնի հենց Արթուր Դավթյանը: Նա, ըստ էության, չհերքեց:
«Դուք կտեսնեք մեղադրանքը պաշտպանողներ. կարող եմ լինել ես, կարող են լինել հսկող դատավորները, առնվազն՝ մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազը, բայց կլինեն նաև այլ դատախազներ: Չի բացառվում, որ ես լինեմ»,- ասաց Դավթյանը։
Գլխավոր դատախազը, սակայն, սրտնեղեց այն հարցերից, թե ինչու նույն պաշտոնում ասենք 1 տարի առաջ նույն «Մարտի 1-ի» գործով նոր բացահայտումներ չի արվել: Նա խոստովանում է՝ եղել է իրավիճակ, որ մի քանի անգամ հարցաքննված նույն անձը չի հայտնել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք հայտնել է, օրինակ՝ ակտիվացված նախաքննության պայմաններում:
«Քաղաքացիները սկսել են վստահել և համագործակցել: Իշխանափոխությունը կապ ուներ ակնհայտորեն, եթե կապ չունենար մենք այդ արդյունքներն այն ժամանակ կունենայինք»,- ասում է Դավթյանը:
Դատախազն ասում է, որ բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու:
«Դուք կտեսնեք մեր երրորդ հանրապետության ժամանակվա երեք նախագահներիՆ՝ դատավարական տարբեր կարգավիճակով, բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին և ներկա պաշտոնատար անձանց: «Մարտի 1»-ի առանձնացված գործով դատավարության չնչին հատվածն է լինելու դռնփակ, մնացածին հանրությունը հետևելու հնարավորություն կստանա»,- ասաց դատախազը:
Ինչ վերաբերում է դատավորին, ում մակագրվել է գործը, ապա լուրեր են տարածվում, թե Վարդան Գրիգորյանը հնարավոր է ինքնաբացարկ հայտնի: Արթուր Դավթյանը չցանկացավ իրադարձություններից առաջ ընկնել՝ չմեկնաբանելով հնարավոր այդ իրավիճակը:

 

Արմինե Գևորգյան