Բավ է պառակտվել
21-10-2020 18:48

Չկա միջանկյալ տարբերակ․ կա հաղթանակ և կա պարտություն. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` մինչև բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, և բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված:

Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առաջնագծում ստեղծված իրավիճակի մասին և ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման հեռանկարների մասին:

Նրա խոսքով, բազմիցս հայկական կողմն ասել է, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: «Փոխզիջում նշանակում է, որ մեր դրած նշաձողից, մեր ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել` հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ իր առավելագույն նշաձողից պետք է ինչ-որ բան իջեցնի», - ասել է նա:
Նրա խոսքով, այն, ինչի հետ մենք բանակցությունների, ամենատարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան Ադրբեջանը համաձայն չէ: «Եվ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում:
Այսօր և այս ողջ ընթացքում ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը և փոխգործակցությունը: Մենք զգում ենք Ռուսաստանի` որպես ՀՀ-ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի աջակցությունը:
Դիմում եմ բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին,պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարներին ձևավորել կամավորական ջոկատներ՝ հայրենիքի պաշտպանության գործը իրականացնելու համար։
Չկա միջանկյալ տարբերակ․ կա հաղթանակ և կա պարտություն», - ասել է Փաշինյանը։