Բավ է պառակտվել
29-10-2019 13:22

Մերժվել է Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրագիրը

Հայաստանի խորհրդարանում ահաբեկչություն իրականացնելու համար ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրագիրը մերժվել է, հայտնել է Հայաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 11–ին Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) հայտ է ներկայացրել։ Ըստ օրենքի, հայտի պատասխանը ստացվում է 80 օրվա ընթացքում։

Արդարադատության նախարարության հաղորդման մեջ նշվել է, որ Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունները տվել են բացասական եզրակացություն։

“Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ընդունել է Հունանյանի դիմումը դատարան չներկայացնելու մասին որոշում։ Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի դատարանում 10-օրյա ժամկետում ”,– ասվել է հաղորդման մեջ։

Օրեր առաջ Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ բանտարկության 20-ամյա ժամկետը լրանալուց հետո հնարավորություն է ընձեռնվում դիմել ՊՎԱ հարցը քննելու խնդրանքով։

Ըստ նրա, հնարավոր է մի քանի սցենար․եթե Պրոբացիայի և ՔԿ ծառայությունները տալիս են դրական պատասխան՝ համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։

Եթե ծառայություններից մեկը տալիս է դրական, իսկ մյուսը՝ բացասական պատասխան, ապա հարցը՝ դատապարտյալի գրավոր համաձայնությամբ, կարող է դիտարկվել դատարանում։ Միևնոըյն ժամանակ, ինչպես նշել է Բադասյանը, երկու ծառայությունների բացասական եզրակացության դեպքում խնդրագիրը համարվում է մերժված։

20 տարի առաջ, 1999թ․հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Ազգային ժողով և գնդակահարեցին դահլիճում գտնվող հանրապետության կառավարության ղեկավարներին ու խորհրդարանի անդամներին։

Ահաբեկչական հարձակման զոհ դարձան ԱԺ խոսնակ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Հանցագործների դեմ դատավարությունը տևել է 2001-2003թ․թ։ Մեղադրող կողմը պահանջում էր պատժի բարձրագույն աստիճան, սակայն Հայաստանում մահապատիժը վերացվել էր 2003թ սեպտեմբերից։

Ահաբեկիչներից վեցն, այդ թվում՝ նրանց պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց մորեղբայր Վռամ Գալստյանը (մահացել է բանտում 2004 թ-ին, պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն), Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը (մահացել է 2017թ նոյեմբերին) և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Խմբի անդամներից Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման (մահացել է 2010թ մայիսին, բժշկական փորձաքննության տվյալներով՝ սրտի կաթվածից)։