Բավ է պառակտվել
22-10-2021 18:16

Օմբուդսմենի և ՀՀ ՊՆ հակամարտությունը թափ է հավաքում. Թաթոյանին մեղադրել են «կոպիտ անճշտությունների» մեջ

Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն երկրորդ անգամ է արձագանքել օմբուդսմեն Արման Թաթոյանի հայտարարություններին։

Նախօրեին Թաթոյանը Պաշտպանության նախարարությանը մեղադրել էր իր դեմ արշավանք իրականացնելու մեջ և ներկայացրել ավելի վաղ արված հայտարարությունների տեսաապացույցները։

«Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ»,- ասվում է նախարարության հայատարարության մեջ։

Նշվում է, որ ուրբաթ օրը խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն ակնհայտ ուռճացված էր անվանել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունները հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածներում ադրբեջանական զինուժի ակտիվացման մասին։

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 18-ին գրառում է կատարել ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ տարածքներ ներխուժած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված ամրաշինական և այլ աշխատանքների մասին։ Այդ գրառուման մեջ կան մի շարք անճշտություններ, ինչպես նաև իրականությունից կտրված հայտարարություններ», - նշել էր հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը: