Սոցիալական ցանցերի և ընդհանրապես ինտերնետի կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել մարդկության բթացման, ենթադրում է Պիրոգովի անվան ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի կլինիկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Արեգ Մկրտիչյանը։ «Ալգորիթմ. Ո՞վ է քեզ կառավարում» լայնածավալ հատուկ նախագծի շրջանակներում «Լենտա.ռու»-ին տված մեծ հարցազրույցում նա պատմել է, որ մարդու վրա տեխնոլոգիայի վնասակար ազդեցության որոշ նշաններ արդեն կարելի է նկատել զումերների սերնդի՝ 1990-ականների երկրորդ կեսից մինչև 2010-ականների երկրորդ կեսն ընկած ժամանակահատվածում ծնված մարդկանց օրինակի վրա։
Մկրտիչյանը բացատրել է, որ սմարթֆոնը ձեռքից բաց չթողնող մարդիկ կորցնում են մտածողության հմտությունները, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել դեգրադացիայի։ Որպես օրինակ նա բացահայտել է իր ուսանողներին դիտարկելու փորձը։ «Շուրջ 20 տարի դասավանդում եմ համալսարանում, և ոչ միայն հոգեբաններին։ Ես աշխատում եմ բժիշկների, իրավաբանների, տեխնիկական մասնագետների հետ և սերնդեսերունդ նկատում եմ հակառակ դինամիկան։ Ժամանակակից ուսանողները բացարձակապես չգիտեն աշխատել մեծ քանակությամբ տեղեկատվության հետ: Հատկապես, եթե տեղեկատվությունը բարդ է: Իսկ այն պետք է բարդ լինի բարձրագույն կրթության ցանկացած ոլորտում»,- ընդգծել է կլինիկական հոգեբանը։
Պատճառն այն է, որ երիտասարդ սերունդն օգտագործում է պատրաստի սցենարներ, ասել է Մկրտիչյանը։
«Հիմա նույնիսկ ձնագնդի պատրաստելու հատուկ խաղալիքներ կան: Սա ինչ-որ նորամուծություն է, բայց սրանից կսկսի մեր երեխաների դեգրադացումը. նույնիսկ այս մակարդակում նրանք չեն զարգացնում մանր մոտորիկան: Ավելին՝ սկզբում նրանք չեն կարողանում ձնագնդի պատրաստել, հետո պարզ շարադրություն գրել, իսկ հետո մեծ տեքստ կարդալ»,- գանգատվել է մասնագետը։
Ինտելեկտի ընդհանուր մակարդակը բարձրացնելու և մտածողությունը զարգացնելու համար փորձագետը խորհուրդ է տվել գրքեր կարդալ։ Տպագիր գրքերը նպաստում են հոգեկան ֆունկցիաների զարգացմանը։ Աուդիոգրքերը, նրա կարծիքով, շատ ավելի քիչ օգտակար են՝ թույլ չեն տալիս, որ զարգանա խոսքային-տրամաբանական մտածողությունը։
Մարդկության վրա սոցիալական ցանցերի և տեխնոլոգիաների ազդեցության մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Մկրտիչյանի մեծ հարցազրույցում, որը «Լենտա.ռու»-ն հրապարակում է «Ալգորիթմ. Ո՞վ է քեզ կառավարում» լայնածավալ հատուկ նախագծի շրջանակներում: Նախագիծն ուսումնասիրում է աշխարհի ամենահայտնի ծառայությունների ալգորիթմների ազդեցությունը մարդու, հասարակության, քաղաքականության և համաշխարհային գործընթացների վրա: Նախագծի վեց մասերում մանրամասն վերլուծվում է, թե ինչպես է սոցիալական ցանցերում բովանդակության վարկանիշային համակարգը ազդում միլիոնավոր մարդկանց իրական կյանքի վրա. այն աննկատորեն փոխում է մարդու վերաբերմունքը սիրո, ընտանիքի, ընկերության, հասարակության նկատմամբ և ազդում է մարդկանց մտավոր կարողությունների վրա։ Բացի այդ, «Լենտա.ռու»-ի յութուբյան ալիքով հեռարձակվում է երեք մասից բաղկացած վավերագրական շարք, որտեղ ուսումնասիրում է, թե ով և ինչպես է ալգորիթմների օգնությամբ մանիպուլացնում մարդկությանը, ինչպես են դրանք փոխում իրականությունը, ինչ վտանգներ են ներկայացնում աշխարհի համար և ինչպես է մարդկությունը դիմակայում այդ մարտահրավերներին: