Բավ է պառակտվել
21-08-2020 09:59

«Թող մի հատ գրանատ բերեն-քցեն, Գեղարքունիքի մարզը վերացնեն, քաշվեն ղրաղ»․ ցուցարար ձկնորս

Այսօր ձկնորսներն իրենց մեքենաներով փակել են Երևան-Սևան մայրուղին. նրանք դժգոհ են, որ իրենց արգելել են ձուկ որսալ: Ձկնորսները համաձայն են, որ Սևան նավակներով մուտք գործելու և ձուկ որսալու համար իրենցից պետական վճարներ պահվեն:
«Թող մեզ կոդ տան, տանենք տերմինալներով ամսական 5-10 հազար դրամ մուծենք, գումարը գնա մեր բանակին: Էսօր կանգնել, ասում են՝ մի կիլո ձուկը 2200 դրամով կառնեն մարդիկ: Բայց ո՞վ կառնի էդ գնով: Վերջապես երեխա ենք պահում, տուն ենք պահում, թող մի հատ գրանատ բերեն-քցեն, Գեղարքունիքի մարզը վերացնեն, քաշվեն ղրաղ»,- ասաց ցուցարար տղամարդը:

Նրա խոսքով՝ հակառակ նախորդ տարվա` այս տարի Սևանում բավական շատ սիգի պաշար կա՝ ավելին, քան հայտարարվում է պաշտոնապես:

Ցուցարարը միաժամանակ նշեց, որ իրենց խոստացել են կառավարության հաջորդ նիստի ընթացքում քննարկել Սևանից ձուկ որսալու հարցը:

Բողոքի ակցիայի վայրում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ: Այս պահին ցուցարարները բացել են մայրուղին, քանի որ վերջիններս խոստացել են երեքշաբթի վերջնական պատասխան տալ:
«Խնդիրը բավական խորն է: 2004 թվականից Սևանա լճում արդյունագործական ձկնորսություն չկա, և ոլորտի պատասխանատուները հանձն են առել իրավիճակը կարգավորել, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Բոլորս գիտակցում ենք, որ տարիներով չկարգավորված ոլորտը կարգավորելիս այժմ կարող են խնդիրներ առաջանալ: Հիմա առաջարկել ենք, որ ձկնորսներն իրենց անհանգստացնող հարցերը շաբաթ-կիրակի ձևակերպեն թղթի վրա, փոխանցեն Շրջակա միջավայրի նախարարությանը: Հարցեր կան, որոնք արդեն պատասխան ունեն հարցեր կան՝ օրենսդրական կարգավորումներ, որոշակի ժամանակ են պահանջում»,- ասաց մարզպետը:

Անդրադառնալով այսօր առավոտյան որոշ ձկնորսների կարթերը հավաքելուն և 200 հազար դրամով տուգանելուն՝ մարզպետը նշեց՝ իրենք պատրաստակամ են ձկնորսներին լսել, 5-6 անգամ հանդիպումներ արդեն իսկ եղել են մարզպետարանում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ուղիղ եթերում հայտարարել էր արդյունագործական ձկնորսության նոր կարգի մասին, որի նպատակը Սևանի էկոհամակարգի վերականգնումն է:
«Մեկնարկում ենք արդյունագործական ձկնորսության նոր կարգի գործադրումը: Բոլոր ձկնորսները և արդյունագործական որսով զբաղվող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք իրազեկվել են արդեն այդ մասին հանրային լայն արշավի միջոցով, որ հայտեր ներկայացնեին «Սևան» ազգային պարկ, ապա ներկայացված հայտերի հիման վրա կնքեին պայմանագրեր Շրջակա միջավայրի նախարարության հետ, յուրաքանչյուրն իր հայտի սահմաններում թույլատրելի սահմաններում ստանար մինչև 4,5 տոննա սիգ ձկնատեսակ որսալու թույլտվություն, այդ 4,5 տոննա սիգ ձկնատեսակի համար յուրաքանչյուր կգ-ի դիմաց 65 դրամ վճարելով պետբյուջե՝ որպես բնօգտագործման վճար, ամբողջովին օրինական, լեգիտիմ դուրս գար լիճ և որսար պաշտոնապես իրեն վերապահված չափաքանակով ձուկը:

Նախարարը նշել էր նաև, որ անհրաժեշտ նորմ է սահմանվել կես կիլոգրամանոց ձկներից ոչ պակաս ձկների արգելքը, այսինքն՝ յուրաքանչյուր ձկնորս, որը զբաղվելու է Սևանա լճում արդյունագործական ձկնորսությամբ, պայմանագիր է կնքել ՇՄ նախարարության հետ՝ դրանով իսկ պարտավորվել, որ մինչև 4,5 տոննա սահմանաչափի ձկնորսության պարագայում որսված ձկան նվազագույն քաշը պետք է լինի 0,5 կգ»,- ասել էր Պետրոսյանը:

 

 

Արմինե Գևորգյան