Բավ է պառակտվել
14-12-2020 14:23

«Թող սահմանները ամրապնդեն, որ կարողանանք այստեղ ապրել»․ դավիթբեկցիների պահանջը (լուսանկարներ)

Սյունիքի Դավիթ Բեկ համայնքում ենք։ Մինչեև այստեղ հասնելը` ճանապարհին տարբեր խոսակցություններ էինք լսում. գյուղը դատարկվել է, այնտեղ միայն զինվորականներ են։ Բայց գյուղ հասնելուն պես այլ պատկերի ականատեսն ենք լինում։ Օրվա երկրորդ կեսն է, երբ աշակերտները դասից վերադառնում են տուն։ Գյուղամիջում հանդիպում ենք դպրոցականներին, որոնք պատերազմի օրերին եղել են Կապանում, բայց արդեն ավարտից հետո վերադարձել են գյուղ, չնայած թշնամին գյուղից 1,5 կմ հեռու է։
Դավիթ Բեկը պատերազմի ժամանակ ամենաշատ տուժած համայնքներից է։ Գյուղապետարանի շենքում տեղակայված բուժկետում էլ հենց առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ Այդ օրերին գյուղից տարհանվել էին միայն ծերերն ու երեխաները։
«Կանանցից շատերը մնացել էին գյուղում ու սնունդ էին պատրաստում զինվորների համար։ Բուժկետը աշխատում էր 24 ժամ։ Բոլորը մեկ մարդու պես կանգնած էին։ Մեր միակ պահանջն է, որ սահմաններն ամրապնդեն, որ մենք կարողանանք այստեղ ապահով ապրել»:
«Մի տեսակ հանգիստ է գյուղը, բայց անվտանգ չի։ Այսօր մեր խրամատներում մեր տղաներն են կանգնած, կամավորները, որոնք աշխատավարձ չեն ստանում։ Իրանք իրենց տուն- տեղ, ընտանիք, կին- երեխա թողել ու եկել սահման են պահում։ Իրենց աշխատավայրից էլ զանգում ասում են, եթե չգաք, գործից կազատվեք։ Ու անելանելի վիճակ է ստեղծվում»։


Դավիթ Բեկում արոտավայրերն ու մշակովի հողատարածքները շատ չեն։ Տարիներ շարունակ դավիթբեկցիները Քաշաթաղի շրջանից հողատարածքներ են վարձակալ ու հենց այնտեղ էլ զբաղվել անասնապահությամբ ու հողագործությամբ։ Այսօր, սակայն, այդ հողատարածքներն արդեն մնացել են թշնամուն իսկ գյուղացիների ապրուստ էլ օդից կախված։
«Վարձակալության գումարները վճարել են, ցորենը արդեն առել էին, որ աշնանացան իրականացնեն, սակայն ցորենը մնացել է ամբարներում։ Չգիտեն որտեղ են ցանելու․․․ Անասուններն էլ մարդիկ վաճառում են, քանի որ հնարավոր չի լինելու պահել։ Մարդ կա 1,200 հազար ցորեն է ցանել ու հիմա մնաց էնտեղ, բայց նա դա վարկով էր վերցրել։ Հիմա բանկերից զանգում են, ասում են, որ վճարի․․․ Գյուղացի կա, որ անասուններին չկարողացավ դուրս բերել, մեղվափեթակներ [ուներ], բոլորը մնացին Զանգելանում»։
Գյուղում ամեն քայլափոխի կարող ես հանդիպել զինվորականների։ Գյուղապետ Բենամին Պողոսյանը ասում է` նրանք մեր սահմաններն են պահում։


«Տեսաք, որ Դավիթ Բեկում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ ընթանում է իր հունով, իր տեղում է, դպրոցն աշխատում է։ Մեր մոտ ոչ թե կայուն լարված է, այլ` կայուն հանգիստ է։
Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Բենամին Պողոսյանը պաշտպանության նախարարությունից զորք էր խնդրում` քանի որ թշնամին գյուղից 1.5 կիլոմետր հեռավորության վրա է։ Ինձ հետ զրույցում համայնքի ղեկավարն ասում է, որ զորք ասելով նկատի է ունեցել ժամկետային զինծառայողներին։
«Ընդամենը ինձ հարց են տվել, ես էլ պատասխանել եմ` ժամկետային զինծառայող ե՞րբ կգա․․․ Կգան` ավելի լավ, մենք միևնույն է հսկում ենք մեր սահմանները։ Ժողովուրդն այսօր ապրում է նորմալ կյանքով»։
Արդեն պատրաստվում ենք գյուղից դուրս գալ ու հանդիպում ենք տարեց բնակիչներից մեկին։ Գուրգեն պապն է, ասում է` թուրքը մեզ չի կարող ծնկի բերել, կարևորը` երիտասարդները լավ լինեն ու գյուղը շենացնեն։

Արմինե Գևորգյան