Բավ է պառակտվել
15-08-2022 16:21

Պուտինը խոր ցավակցություն է հայտնել Փաշինյանին «Սուրմալու» ԱԿ-ում մարդկանց մահվան կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երեւանի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի կապակցությամբ, հայտնել է երկուշաբթի Կրեմլի մամլո ծառայությունը։
«Ընդունեք մեր խորին ցավակցությունները Երեւանի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել ամենաանկեղծ կարեկցանքի եւ զորակցության խոսքերը, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրում։
Կիրակի ժամը 13.23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է եռահարկ շենք։

Երկուշաբթի առավոտյան տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, 15 համարվում է անհետ կորած։ Տարբեր բժշկական կենտրոններ է տեղափոխվել 61 տուժած, որոնցից մեծ մասն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, ստացիոնար բուժում է ստանում 21 քաղաքացի։