«Քրեակատարողական հիմնարկներում հաշվեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր և դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:
Իրավապահներն օգտվում են նրանից, որ այս դեպքում տուժողները չեն դիմում իրավապահներին և հրաժարվում են դիմում գրելուց: Հանցավոր աշխարհում իրավապահներին բողոքելը համարվում է ամոթալի երևույթ, որոշ դեպքերում՝ խարան: Մեր տեղեկություններով, ծեծվածներից ոմանք շատ վատ վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ:
«Քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով: Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները:
Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով, ՔԿ ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»: Փաստորեն, ուժի կիրառման մասին մեր տեղեկությունները հաստատվեցին»։