Բավ է պառակտվել
13-12-2019 14:07

Քոչարյանի առողջողջության, դատավորների գլխացավանքի ու արցախյան հիմնախնդրի մասին

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չգիտի, թե ինչ առողջական խնդիր է ունեցել կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ երեկ անհրաժեշտություն է առաջացել նրան հիվանդանոց տեղափոխելու:
«Մանրամասների չեմ տիրապետում, սակայն գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է, առողջական լուրջ խնդիրներ չկան»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ընթացիկ խնդիր է, մի քանի օրում կկազդուրվի եւ հիվանդանոցից կգնա:
Սողոմոնյանը իր անտեղյակությունը բացատրեց հետևյալ կերպ՝ «ապօրինի կալանքի» պատճառով ինքը զրկված է Ռոբերտ Քոչարյանի հետ կապ հաստատելու հնարավորությունից, տեղեկությունները ստանում է փաստաբանների ու հարազատների միջոցով։
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը նույն բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվել։
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին՝Սողոմոնյանը նշեց,որ այլևս ապացուցելու բան չկա։
Նա պնդում է՝ դատավորների շրջանում մարդ չի մնացել, որ չհասկանա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը բացարձակ ապօրինի է, որևէ հիմք չունի։

«Դրա համար դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել ու բացարկ են վերցնում, որպեսզի այդ գործը չքննեն։ Քննելիս կամ պետք է ընկեն հսկայական ճնշումների տակ ու կայացնեն ապօրինի որոշում, կամ ավելի լավ է՝ չքննեն։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ որևէ գործով վեց կամ յոթ դատավոր ինքնաբացարկ հայտնի»,-ասաց նա։

ՀՀ երկրորդ գրասենյակի ղեկավարը հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը շուտով կվերացվի, և նա անձամբ լրագրողների հետ հանդիպելու ու նրանց հարցերին պատասխանելու հնարավորություն կունենա։

Վիկտոր Սողոմոնյանը խոսեց նաև արցախյան հիմնախնդրից,ասաց որ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մտահոգությունները շատ-շատ են, անհանգստությունները՝ բազմաթիվ։

Ես չեմ հիշում, որ վերջին տասնամյակներին միջնորդ կողմերից մեկը հայտարարի, որ ինչ-որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին։ Մենք մինչև հիմա լավ չենք պատկերացնում, թե որն է իշխանությունների կոնցեպտը, որով նրանք մասնակցում են բանակցություններին։ Ավելին՝ գոն մինչև վերջերս նրանք ասում էին, որ բանակցություններ չկան», - շեշտեց Սողոմոնյանը։
Վերջինս նշում է,որ այնտեղ պնդումներ կան, որոնք անհապաղ հերքման կարիք ունեն։
«Եթե այդ հերքումներն արագ չեն հետեւում, մենք պետք է ենթադրենք, որ Մամեդյարովն ինչ ասում է, ճիշտ է ասում»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Նշենք,որ այդ հարցազրույցում, Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվում է Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը՝ Ադրբեջանի կազմում։
Վիկտոր Սողոմոնյանն իշխանությունից պարզաբանումների է սպասում. «Հույս ունեմ, որ դրանք կլինեն հստակ, ոչ թե լիրիկական, ինչը սովոր ենք տեսնել»:

 

Արմինե Գևորգյան