Բավ է պառակտվել
15-05-2020 13:02

ՀՀ –ում մայիսի 18-ից կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը

ԱԺ հատուկ նիստում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին որոշման քննարկման ժամանակ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, թե երբ կգործարկվի հանրային տրանսպորտը:

«Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ իրականացնել նաև փակ տարածքներում, կգործեն մոլերը, հանրային մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը և այլն: Կվերաբացվեն նաև նախակրթարանները»,- նշեց Ավինյանը։

Փոխվարչապետը հայտարարեց, որ, քանի որ աշխատող մայրերի համար երեխաների տանը մնալը խնդիր է, կառավարությունը որոշել է վերաբացել նաև նախակրթարանները:
«Սակայն շեշտեմ, որ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների պահպանմամբ, որոնք խախտելը հանգեցնելու է պատասխանատվության»,- ասաց Ավինյանը:
Նա նաև հայտնեց, որ հանրային բաց ու փակ բոլոր տարածքներում դիմակ կրելը մայիսի 25–ից դառնալու է պարտադիր, իսկ չկրողները տուգանվելու են: Ավինյանը նշեց` պարտադիր չէ, որ դիմակները լինեն բժշկական, եռաշերտ: Դրանք կարող են նաև լինել տնային պայմաններում կարված, ինքնաշեն:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ՀՀ կառավարությունն առաջարկում էր մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարձգել ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ:

 

 

Արմինե Գևորգյան