Բավ է պառակտվել
06-11-2017 11:47

Հայաստանում աշխատող մայրերը կկարողանան պետության հաշվին դայակ վարձել

Հայաստանում քննարկվում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություն տրամադրելու, ինչպես նաև աշխատանքի էլեկտրոնային բորսա ստեղծելու, հնարավորությունը: Այսօր ԱԺ-ում 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարի խոսքերով, 2018թ. կառավարությունը ծրագրում է իրականացնել երեք նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալական–ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Արդեն ներկայացվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի և աշխատանքի համատեղման հնարավորության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։
«Մենք նախատեսում ենք երիտասարդ մայրերին հնարավորություն ընձեռել համատեղելու աշխատելու ու մինչև 3 տարեկան երեխային խնամելու հնարավորությունը, երբ մայրիկը կարող է գտնվել դեկրետային արձակուրդում օրինական հիմունքներով։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք երիտասարդ մայրիկի աշխատանքի ժամերին նրան դայակ տրամադրել, որի ծառայությունների համար կվճարի պետությունը»,- նշել է Ասատրյանը:
Միևնույն ժամանակ նախարարը չի հստակեցրել դայակի տրամադրման պայմաններն ու նրա ծառայությունների գինը:
Ասատրյանը նշել է, որ նախարարությունը ծրագրում է փոփոխել իր քաղաքականությունը՝ ազգաբնակչության զբաղվածության ոլորտում, ստեղծելով աշխատանքի էլեկտրոնային բորսա:
«Էլեկտրոնային բորսան ոչ միայն թույլ կտա լուծել աշխատանքի բորսայում հաշվառման մեջ գտնվող գործազուրկների զբաղվածության խնդիրը, այլ նաև այն անձանց, որոնք ցանկանում են ինքնուրույն և առանց լրացուցիչ ծախսերի հետաքրքիր աշխատանք գտնել»,- ասելէ Ասատրյանը:
Նախարարը նաև նշել է, որ դա լավ հարթակ կդառնա գործատուների համար՝ թափուր աշխատատեղերի ներկայացման առումով: