Բավ է պառակտվել
30-04-2020 18:49

Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջադեպի քննությամբ կզբաղվի ՀՔԾ–ն. ՀՀ գլխավոր դատախազ

«Քրեադատավարական գործընթաց է սկսվել, նյութերը կփոխանցվեն ՀՔԾ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք այդ դեպքով Ալեն Սիմոնյանին մեղադրանք առաջադրվի՝ Դավթյանը պատասխանեց. «Արարքների վերջնական գնահատականների վերաբերյալ, որոնք պետք է ապագայում տրվի, կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև բոլորիդ համար հասկանալի է՝ կկաշկանդեմ կոնկրետ դատավարական սուբյեկտներին։ Նախապատրաստվում են նյութեր»։
Գլխավոր դատախազը հերքեց նաև Արթուր Դանիելյանի ձերբակալության մասին լուերերը՝ ասելով. «Ձերբակալել մարդուն կարելի է միայն հարուցված քրեական գործով: Իսկ այս գործով հարուցված քրեական գործ չկա»:
Լրագրողի դիտարկմանը, որ կա տեսակետ՝ երկրում այդպիսի միջադեպերով փորձում են «քաոսային իրավիճակ» ստեղծել, և, որ որոշ անձինք փորձում են սադրանք կիրառել, գլխավոր դատախազն ասաց. «Սադրանք կիրառելու մասին չեմ կարող ասել՝ ինչն էր նպատակը։ Կարող եմ դիտարկում անել, որ պատասխանատվության շունչը մոտենալիս ցանկացածն էլ պաշտպանական ինչ-որ «միջոցներ» է ձեռնարկում։ Ձեր մոտ այդպիսի տպավորություն ստեղծած իրադարձությունները կարող են լինել պաշտպանական պրոցեսների արդյունքներ»։
Դատախազը անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը:
Հիշեցնենք, որ գրառումը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Գրառմամբ Հակոբյանն ակնարկում էր, որ Վանեցյանը օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված է և ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է այդ պատճառով:
Նա չցանկացավ այն մեկնաբանել՝ նշելով, որ անվտանգության վերաբերյալ հարցերը մեկնաբանում է այն դեպքում, երբ դրանց վերաբերյալ փաստական տվյալներ են հրապարակվում և արվում են պաշտոնեական պարտականություն ստանձնած անձանց կողմից։
«Այդ բնույթի բազում հայտարարություններ կարող են արվել, բայց, այո, նաև այդ բնույթի ցանկացած հայտարարություն հատկապես գոնե օպերատիվ ստուգման անհրաժեշտություն ունենալու է»,- ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Լրագրողները դատախազից հետաքրքրվեցին նաև թե ինչ նորություն կա Մարտի 1-ի դեպքերի հետ կապված:
«Քննություն է իրականացվում: Երբեք չի եղել, որ մենք էսպես բաց աշխատենք: Հետևեք մեր աշխատանքին, մեր կայքին, նախաքննական մարմնին, որտեղ հանրությանը, ձեզ ասելու առիթ կա, մենք չենք վարանում, դրա մասին հրապարակում ենք»,-նշեց նա:

 

 

Արմինե Գևորգյան